Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը Հայաստանում է և առաջիկայում մեկնելու է Ղարաբաղ


«Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ, քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է», - ասել է ԼՂ զինված ուժերի նախկին հրամանատարը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, և, ինչպես ինքն է ասել «7 օր» կայքին տված հարցազրույցում, առաջիկայում պատրաստվում է ուղևորվել Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի և Սամվել Բաբայանի հանդիպում նախատեսված չէ․ - «Ցանկացած քաղաքացի կարող է դուրս գալ Արցախից և վերադառնալ: Որևէ հատուկ հանդիպում կամ ընդունելություն չկա»:

Ըստ մամուլի հրապարակումների, կուտակած պարտքերի պատճառով Բաբայանը վերջին տարիներին հեռացել էր Ռուսաստանի Դաշնություն: Այսօր հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ արտերկրում էր անձնական խնդիրների պատճառով և այնտեղից հետևել է «հայկական ու ադրբեջանական բանակների վիճակին, ռազմաքաղաքական զարգացումներին»: Չմանրամասնելով՝ Բաբայանը եզրակացրել է, որ «այսօր իրավիճակը մտահոգիչ է»:

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի մեջ մեղավոր ճանաչվելու հետևանքով «Արցախի հերոսի» կոչումից զրկված Բաբայանը նշել է, որ ինքը դեռ երեք տարի առաջ փակ նամակ է գրել նախագահին՝ զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին:

«Առաջարկել եմ լուծումներ, որոնք թույլ կտային մեզ խուսափել բախումներից, իսկ եթե դրանք լինեին, ապա չտայինք այսքան մարդկային կորուստներ ու կարողանայինք ռազմական հաջողություն գրանցել՝ մարտը տեղափոխելով հակառակորդի տարածք», - ասել է նա:

Ղարաբաղյան ամենաազդեցիկ գործիչներից մեկը հանդիսացող Բաբայանի վերադարձի համար վերջերս ստորագրահավաք էր սկսվել: Նախկին նախարարի վերադարձը խիստ սպասված է համարում Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Վստահ կարելի է ասել, որ ցանկացած պաշտոնում Սամվել Բաբայանը կարող է մեծ օգուտներ տալ Ղարաբաղին և վերադարձնել Ղարաբաղի գործոն լինելը», - հավելեց Խանումյանը:

Հարցազրույցում Բաբայանը պնդում է նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մինչև ապրիլյան թեժ մարտերը Հայաստանի քաղաքական վերնախավի օրակարգում անվտանգության խնդիրը գլխավորներից չէր համարվում․ - «1994-ին պատերազմը, ցավոք, չի ավարտվել։ Այլ հարց է, որ հաղթանակը դրանից հետո մսխվել է, իսկ հանրությանն էլ համոզել են, թե ամեն ինչ կարգին է։ Լավ է, որ այսօր այդ մասին արդեն Հայաստանում հասկանում է մեծամասնությունը»:

Ղարաբաղյան վերջին խորհրդարանական ընտրություններին Բաբայանի աջակցությունը վայելած «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով, եթե Բաբայանն այս տարիներին լիներ Ղարաբաղում, ապա քառօրյա պատերազմի օրերին նման կորուստներ կարող էին չլինել․ - «Փաստորեն այն սխալների, այն բացթողումների մասին, որ խոսել է, դրա հետևանքները ակնհայտ եղան այս օրերի ընթացքում: Եթե այդ ամենը հաշվի առնեինք, ապա մենք այսօր չէինք ունենա այն վիճակը, ինչ որ ունենք»:

2005-ին Հայաստանում «Դաշինք» կուսակցությունը հիմնած Բաբայանն անդրադարձել է նաև իր քաղաքական հավակնություններին՝ պնդելով, որ քաղաքական դաշտում թշնամիներ չունի․ - «Չեմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության։ Բայց ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր գաղափարակիցներ են»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը չբացառեց Բաբայանի հետ հնարավոր համագործակցությունը․ - «Ինձ դուր է գալիս նրա մտածողությունը, տեսակետները: Այնպես որ որևէ բան բացառել չեմ կարող: Ես կուզենայի համագործակցել, կուզենայի քննարկենք, բայց հիմա այդպիսի բան չկա»:

Բաբայանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն և նշել, որ պետք է արդիականացնել բանակը, սակայն շատ ժամանակ չկա․ - «Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավը, հավանաբար, չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքն էլ չի պատկերացրել, որ ղարաբաղյան հնարավոր պատերազմում ռուսներն ուղղակիորեն չեն օգնելու որևէ մեկին, և ԵՏՄ անդամ դառնալը որևէ երաշխիք չի տալիս, որ ռազմական բախում չի լինի: Մենք պետք է պատրանքներ չունենանք և կարծենք, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը գնալու է փոխզիջման։ Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի ու Ղարաբաղի ապահովելով»:

Ստեփանակերտցիները «Ազատության» հետ զրույցներում ողջունեցին Սամվել Բաբայանի վերադարձը:

«Եթե նա գա էստեղ, ամեն ինչը տեղն ա լինելու: Նրա նման կամանդիր չի էղել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG