Մատչելիության հղումներ

Խաղողագործներին պարտքի վճարման նոր վերջնաժամկետ են խոստանում


Խաբված քաղցրաշենցիները հերթական բողոքի ակցիան են անում, արխիվ
Խաբված քաղցրաշենցիները հերթական բողոքի ակցիան են անում, արխիվ

Արդեն բազմիցս խաբված գյուղացիները, սակայն, այդ հավաստիացումներին այլևս չեն հավատում, նրանք այսօր առաջին անգամ բողոքի ցույց արեցին նաև նախագահի նստավայրի առջև:

Այսօր վաղ առավոտից դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշեն և հարևան Այգեզարդ ու Այգեպատ գյուղերի խաղողագործները: Նրանք պահանջում են շուրջ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած՝ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը խոստացավ, որ մինչև վաղը երեկո պարտքը կմարվի:

Արդեն բազմաթիվ նման վերջնաժամկետների խոստումներ ստացած գյուղացիները, սակայն, չհավատացին այդ նոր խոստմանը: Նրանք նշեցին, որ կառավարության շենքի մոտից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց պահանջին անձամբ չի արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցավ «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին ՝ Դավիթ Գալստյանը: Նա ասաց, թե ամեն վարկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը:

Ցուցարարներին մոտեցավ և համանման հավաստիացումներ արեց նաև Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով առաջիկա չորեքշաբթին: Զայրացած գյուղացիները, սակայն, չհավատացին այդ հավաստիացումներին և շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու համար:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գյուղացիներից մի քանիսին ընդունեցին և խոստացան, որ մեկ ժամից կպատասխանեն ցուցարարների պահանջներին: Մեկ ժամ անց, սակայն, նրանց ընդամենը ասացին՝ սպասեք մինչև չորեքշաբթի: Դրանից հետո խաղողագործները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG