Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երեկ և այսօր առավոտյան իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, բայց հրադադարի խախտումներ եղել են: Պաշտպանության բանակը հաղորդում է, որ հակառակորդը հիմնականում հրաձգային զինատեսակներ, որոշ հատվածներում էլ դիպուկահար հրացաններ է օգտագործել:
Ղարաբաղյան կողմը վստահեցնում է, որ իրենք հրադադարի պայմանավորվածությունը չեն խախտել:
Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Աղդամի ուղղությամբ առաջնագծի մերձճակատային հատվածում հրդեհ է բռնկվել: Պաշտպանության բանակը հայտարարեց, որ դա ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների արդյունք է, նպատակն է՝ վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես՝ սահմանամերձ ցանքատարածություններին:
«Կրակը երեկ մարվել է, բայց Ղարաբաղի գյուղատնտեսությունը կորուստներ է կրել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքով, Վիեննայի հանդիպումից հետո առաջնագծում որոշակի հանդարտություն կա, մինչդեռ նման սադրանքները Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո իրենց համար անտրամաբանական են:
«Նման գործողությունները խստիվ արգելված են Ժնևյան կոնվենցիաներով: Այսինքն՝ դաշտերը, ցանքատարածությունները, որոնք կարևոր են բնակչության կյանքը ապահովելու համար, նույնիսկ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վառել կամ ոչնչացնել», - նշեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Բաբայանի խոսքով, ադրբեջանական կողմը պարբերաբար է նման քայլի դիմում: Այս հրդեհից կրած վնասների չափերը դեռ հաշվում են, բայց, նրա կարծիքով, վնասը ճակատագրական չէ: