Գառնեցիները կառավարությանը մեկ օր ժամանակ տվեցին, որպեսզի չեղարկվի գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի 12 գյուղեր ոռոգելի դարձնելու ծրագիրը։
Դեռ անցած տարվանից հանրային բոլոր լսումներին գյուղացիները դեմ են արտահայտվել, ստորագրահավաք կազմակերպել, սակայն տեղի իշխանությունները Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրին համաձայնություն են տվել։
Գառնիի բնակիչներն առավոտից փակել էին գյուղ տանող ճանապարհը։ Ցույցին նաև բնապահպաններ էին միացել։ Գառնեցիները հայտարարեցին, եթե պահանջը չբավարարվի, ավելի ծայրահեղ միջոցի կդիմեն։ «Եթե չդադարեցնեն այդ երկու ծրագրերը, ստիպված կլինենք գնալ այլ միջոցների՝ Երևանի և Արարատյան դաշտին մատակարարվող ջրի դադարեցումը», - հայտարարեցին գյուղացիները։
Ոստիկանները պարբերաբար մոտենում ու ցուցարարներին հորդորում էին մարդասեր լինել ու Գառնու տաճար գնացող ճանապարհը զբոսաշրջիկների համար բացել՝ շեշտելով՝ խախտվում է մյուսների ազատ տեղաշարժվելու իրավունքը։ «Դուք մեր կյանքի իրավունքն եք խախտել»՝ հակադարձում էին գյուղացիները։ «Եթե մենք հիմա ճանապարհը բացենք, զբոսաշրջիկները հիմա գնան, այդ կործանարար ծրագրերն իրականություն դառնան, այլևս այստեղ զբոսաշրջիկ չի գա՝ և՛ Գառնին կամայանա, և՛ Գողթը կամայանա», - ասաց ցուցարարներից մեկը։
Գյուղացիների խոսքով՝ սակավաջուր Ազատի ջուրը չի բավականացնի նոր տարածքներ ոռոգելու համար։ Բողոքի ցույցերի ընթացքում թեև մեկ անգամ շինարարական աշխատանքները դադարեցվել էին, սակայն նորից են վերսկսվել, նոր տեխնիկա է բերվել։
«Ամբողջ Գառնին սպասարկում է Երևանին, Արտաշատին, Արարատին՝ խմելու ջրով։ Էսօր Գառնիի այգիները 100, 200 հեկտարով անջրդի են մնացել, մարդիկ ստեղի ջուրն են տանում։ Մտածեք, էս հողերը դարձրեք ոռոգելի։ Գառնեցին էսօր սոված է, հիմա էլ խմելու ջուրն են տանում։ Բոլոր հարցերը լուծեք, նոր ավելցուկ ջուրը տարեք», - ասաց ցուցարարներից մեկը։
Գառնեցիների համոզմամբ, ծրագիրը ոչ թե գյուղացիների, այլ պաշտոնյաների հողատարածքները ոռոգելու համար է իրականացվում։ Նրանց թվում նաև Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի անունն է նշվում։ Այսօր Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը Գառնի էր եկել՝ հերքելու այս լուրերը։ «Ձեր նշած Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման հիմքում ընկած է սա՝ 13 կիլոմետր Գողթից Կամարիս գնացող խողովակաշարը, որտեղ պարոն Զաքարյանը, ես պաշտոնապես հայտարարում եմ, ոչ մի հողատարածք չունի», - ասաց Ալավերդյանը։
Գառնեցիները մատնանշում էին Արտաշատի մերձակա Նարեկ գյուղում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողատարածքներն ու ասում՝ ծրագիրը իրականացվում է նաև այդ հողերը ոռոգելու նպատակով։ «Ասում է համայնքի համար, բայց համայնքը կապ չունի, ինքն իր բասեիններն է սարքելու։ Նարեկ գյուղում 200 հեկտար նորատունկ խնձորի այգի ունի, էդ այգին ոռոգելու համար է տանում», - ասացին գառնեցիները։
Ոչ մի պաշտոնյա այսօր չայցելեց Գառնի։ Ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ցուցարարները նշում են, որ պատրաստ են այստեղ գիշերել։