Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցելիք պատարագին սպասվում է 20-25 հազար հավատացյալի ներկայությունը:
Պատարագին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր:
Հունիսի 24-ին Հայաստան ժամանող Հռոմի պապը ինքն է ցանկություն հայտնել ամենամեծ կաթոլիկ համայնք, նաև առաջնորդանիստ մայր եկեղեցի ունեցող քաղաքում պատարագ մատուցել: Բացի այդ հաշվի է առել, որ Հայաստանի երկրորդ քաղաքը նաև ամենաաղքատն է: Ֆրանցիսկոս պապը «Աղքատների պապ» տիտղոսն ունի, և Գյումրիի կաթոլիկ եկեղեցում կարծում են, որ Պապի այցը հնարավորություն կտա կրկին բարձրաձայնել աղետի գոտու խնդիրների մասին:
«Նա շատ լավ գիտե, որ Գյումրին ինչ սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է, և ինքը լինելով նաև աղքատասեր պապ, որոշեց գալ և լինել այս աղքատ տարածաշրջանի ժողովրդի հետ: Համաշխարհային մամուլը այդ օրերի ընթացքում լինելու է Գյումրիում, և արդեն իսկ կան մի շարք լրատվամիջոցներ, որոնք աշխատում են Գյումրի քաղաքում՝ նպատակ ունենալով պատրաստվել Պապի այցելությանը և ցույց տալու նաև Գյումրի քաղաքի սոցիալական վիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Ֆրանցիսկոս պապը Հայաստան է գալիս «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով, և այժմ Կաթոլիկ եկեղեցին զբաղված է նախապատրաստական աշխատանքներով:
«Արդեն իսկ նախագծվում և կառուցվում է այն բեմը, որի վրա պատարագ է մատուցվելու: Նաև հրավիրատոմսերի, հյուրերին ընդունելու մասին է մտածվում», - պատմեց տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Վարդանանց հրապարակի մուտքը լինելու է հատուկ հրավիրատոմսերով: Հռոմի պապի անվտանգությունն ապահովելու են Հայաստանի նախագահի անվտանգության աշխատակիցները, և հենց Նախագահի աշխատակազմն էլ համակարգում է Պապի այցի նախապատրաստական աշխատանքները:
Սրբազան Քահանայապետը պատարագից հետո այցելելու է Գյումրիում գործող «Տիրամայր Հայաստան» կուսաստան: Դեպի Կուսաստան տանող ճանապարհը խիստ անմխիթար վիճակում է, և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս ունի, որ, օրինակ, Շիրակացի փողոցի քարուքանդ հատվածը կասֆալտապատի Կառավարությունը:
«Սա նույնպես քաղաքին օգուտ կլինի, մոտավորապես 1,5 կիլոմետր ճանապարհ է: Մենք այդպիսի գումարներ չունենք, դա լուրջ գումար է, դա երևի կլինի 250 միլիոն, ես ո՞նց կարող եմ էդպիսի գումարներ տալ», - նշեց քաղաքապետը:
Ֆրանցիսկոս պապի այցից քաղաքը կշահի, որոշ փողոցներ արտահերթ կբարեկարգվեն:
Քաղաքապետը հիշեց՝ մեկ էլ 2013-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ էր, որ Կառավարությունն արտահերթ գումար հատկացրեց փողոցներ բարեկարգելու համար:
Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև հայ առաքելական Սուրբ Յոթվերք եկեղեցի:
«Սրբազան Քահանայապետն իր այցով խաղաղության պատգամ կբերի տարածաշրջան», - ասաց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանը՝ հավելելով․ - «Ճիշտ է, Պապը քաղաքական գործիչ չէ, Պապի այցերը երբեք չեն ունեցել քաղաքական նպատակներ, և որպես խաղաղության հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, որը միշտ արձագանք է ունեցել աշխարհում, Պապի այցը, այս առումով, կարող է ունենալ շատ հեռուն գնացող և դրական պտուղներ: Նաև հաշվի առնենք, որ ընդամենը մի քանի ամիս հետո Պապը պիտի այցելի Ադրբեջան՝ սեպտեմբերին: Եվ հնարավոր է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը կարողանան Պապի խոսքի հիման վրա թևակոխել այլ փուլ»:
Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: