«Նախագահ Սարգսյանի առաջարկներն ու թեզիսները տեղ են գտել արտգործնախարարների հայտարարության մեջ․ և՛ 94 թվականի զինադադարի վերաբերյալ, և՛ հետաքննության մեխանիզմների իրականացման վերաբերյալ, և՛ ԵԱՀԿ գրասենյակի լիազորությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ: Եվ հակառակը՝ Ադրբեջանի առաջարկները, որ պետք է նոր զինադադար կնքել, պետք է դուրս գալ 94 թվականի զինադադարից, պետք է հետաքննության մեխանիզմները դնել միայն, երբ որ հայկական կողմը դուրս կգա տարածքներից, չիրականացավ», - ասաց Շարմազանովը՝ հայտարարելով, որ Վիեննայում միջազգային հանրության և Հայաստանի դիրքորոշումները համընկան:
Մինչդեռ Ադրբեջանը, ըստ Շարմազանովի, չկարողացավ հասնել իր առջև դրած նպատակներին․ - «Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել․․․ չիրականացավ»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ընդգծմամբ՝ քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երկրում ճգնաժամ է, իրենք չեն քննադատի իշխանություններին․ - «Ռազմական այդ ճգնաժամի կարգավորման գործում Հայաստանի իշխանությունները իրենց ամուր զգան․ լինի դա ռազմի դաշտում՝ եթե անհրաժեշտություն կա, լինի դա բանակցություններում, որտեղ նույնպես պետք է, որ իշխանությունը իրեն ուժեղ զգա և թիկունքը՝ ամուր: Դա է պատճառը, որ մենք ո՛չ քննադատություն ենք այդ հարցում ներկայացնում, ո՛չ մեկնաբանություններ, ո՛չ գնահատականներ»:
Զուրաբյանը ողջունելի է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի հանդիպումները և հատկապես այն, որ շեշտվել է 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի կարևորությունը և հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը․ - «Ակնհայտ է, որ միջազգային հանրությունն անհանգստացած է հնարավոր վտանգավոր զարգացումներով, շատ լավ հասկանում են, որ կոնֆլիկտի բռնկումը չի սահմանափակվի Հայաստանով, Ադրբեջանով, Ղարաբաղով և կբերի լուրջ ցնցումների միջազգային քաղաքականության ավելի լայն կոնտեքստում: Դրա համար էլ և՛ այդ անհանգստությունն է երևում, և՛ նաև վճռականությունը՝ կանխելու, կարգավորելու, ինչը դրական է»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ևս կարծում է, որ ապրիլյան քառօրյա արյունալի բախումներն ու ադրբեջանական ագրեսիան լրջորեն մտահոգել են Մինսկի խմբի համանախագահող երկրներին․ - «Կարևոր է այս ուշադրությունը և գիտակցումը, որ սա կարող է վերածվել անվերահսկելի․․․ և որ Ադրբեջանի սպառազինվելն ու նախահարձակ լինելը վտանգավոր են տարածաշրջանի համար»:
Վիեննայի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ Վարդանյանի, կարևոր են, սակայն այժմ պետք է սպասել՝ համոզվելու համար, որ դրանք կատարվում են․ - «Առաջին անգամը չէ, որ նման համաձայնություններ կայացվում են, և Ադրբեջանը անընդհատ խախտում է դրանք: Կարևոր է, որ այս անգամ լինի գիտակցությունը՝ հնարավորինս պարտադրել նման մեխանիզմները, որովհետև առանց հասցեական գնահատականների, առանց պարզելու, թե որ կողմն է խախտել, որ կողմն է նախահարձակ եղել, միշտ մենք մնում ենք երկու կողմերին հավասարեցնելու դիրքերում»:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Վիեննայի հանդիպումներն ու Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը՝ նկատելով, որ սա հետագայում կարող է ստեղծել բանակցությունների վերսկսման հնարավորություն․ - «Կապրենք՝ կտեսնենք: Սակայն պետք է գիտակցենք, որ այդ պայմանավորվածությունները միշտ կարող են խախտվել, ինչպես և խախտվել են, ուրեմն մենք շարունակենք մեր բանակը սպառազինել, անցնենք ռեալ ռեֆորմների․․․ փոխել մեր կացութաձևը, անել իրական բարեփոխումներ և ոչ միայն հայտարարություններ այդ մասին, և աշխատել պատրաստ լինել ցանկացած ոտնձգության, ինչը չի կարելի բացառել»: