Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ Ալիևը պետք է ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկությունները


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է՝ Սարգսյանը Վիեննա է մեկնում ոչ թե բանակցելու, այլ բանակցությունները վերսկսելու մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է՝ Սերժ Սարգսյանը Վիեննա է մեկնել ոչ թե Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու, այլ հանդիպման, որի ընթացքում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն բանակցությունները վերսկսելու վերաբերյալ:

«Ես խնդրում եմ՝ հանդիպումը տարբերեք բանակցություններից։ Սրանք բանակցություններ չեն, սրանք բանակցություններ են բանակցությունների համար․ սկսե՞լ բանակցությունները, թե՞ ոչ։ Բնականաբար, եթե այն առաջարկությունները, որոնք հնչեցվել են հանրապետության նախագահի կողմից և շատ տրամաբանական են եղել, Մինսկի խմբի արձագանքներն էլ եղել են բավականին դրական, և եթե այդ շրջանակներում կլինեն որոշակի համաձայնություններ, բնականաբար արդեն խոսք կգնա բանակցությունների մասին։ Եվ ես խնդրում եմ՝ այցը որպես բանակցություն չձևակերպեք։ Սա բանակցություն չէ, սա հանդիպում է՝ հետագայում բանակցությունների մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բանակցությունները վերսկսելու համար մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել։

«Որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել», - ասել էր Սերժ Սարգսյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն ընդգծում է՝ եթե Ադրբեջանը չընդունի Սերժ Սարգսյանի առաջ քաշած առաջարկները, ապա բանակցությունների վերսկսումն անիմաստ է:

«Եթե Ալիևը իր վարչախմբի հետ միասին ցանկանում է խաղաղ բանակցային փուլով այս խնդրի լուծմանը, բնականաբար նա պետք է այս առաջարկություններն ընդունի, որ նստի հանգիստ սեղանի շուրջ բանակցություններ կատարի։ Եթե նա չի ցանկանում խաղաղ ճանապարհը և նորից ռազմատենչ հայտարարություններ է անելու և իր գործողությունները արդեն տանում է դեպի պատերազմի, բնականաբար, արդեն խաղի կանոնները պետք է փոխվեն», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես կարծում է, որ Վիեննայում այսօր սեղանին պետք է դրվեն Հայաստանի նախագահի կողմից առաջ քաշված խնդիրները, և այս առումով պատգամավորը Սերժ Սարգսյանի այցը ճիշտ է համարում:

«Նախ՝ խոսքը չի գնում բանակցությունների մասին: Դրա մասին չի կարող խոսք գնալ նաև այն պարագայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանն են միայն հանդիպում: Վաղուց ենք ասել, որ դա չի կարող լիարժեք բանակցային գործընթաց կոչվել, քանի հակամարտության գլխավոր կողմը, որը Ղարաբաղն է, այդ սեղանի շուրջ չի նստած: Ուրեմն այստեղ խոսք չի կարող գնալ բանակցությունների մասին, բայց հանդիպումներն անհրաժեշտ են, որպեսզի հենց այդ առաջ քաշված հարցերը, դիրքորոշումները, որոնք ներկայացվել են ամենաբարձր մակարդակով, դրանք պաշտպանվեն և այդ ուղղությամբ քայլեր կատարվեն: Այսինքն՝ պարզ պետք է ասվի, որ չենք կարող մենք մի կողմից ասել, որ իբր բանակցությունների մեջ ենք, մյուս կողմից՝ պատերազմ մղենք», - նշեց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը նշում է՝ մինչև հիմա Հայաստանը թույլ է տվել Ադրբեջանին, որպեսզի նա տպավորություն թողնի, թե կողմ է բանակցություններին, բայց իրականում Բաքուն մշտապես պատերազմ է հրահրել: Սա պետք է հասկանա նաև միջազգային հանրությունը: Հարցին, թե արդյոք առաջընթաց հնարավո՞ր է ակնկալել Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումից, Արմեն Ռուստամյանը արձագանքեց, թե ցանկացած հանդիպում իմաստ ունի, և կարևորն այն է, որ այդ հանդիպումը անցնում է Մինսկի խմբի հովանու ներքո: Այս կերպ վերահաստատվում է, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այս ձևաչափով:

«Եթե հնարավորություն կա բանակցելու կամ հանդիպելու, ընդհանրապես խոսելու՝ սա ավելի լավ է, քան թե միայն փամփուշտների փոխանակման միջոցով իրար բացատրեն ինչը որն է», - ասաց նա, - «Ես կարծում եմ, որ եթե անգամ ամենաչնչին հավանականությունը կա, այդ ուղղությամբ պետք է գնալ, որովհետև այլընտրանքը պատերազմն է»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրաժարվում է գնահատական տալ՝ արդյոք ճի՞շտ էր Իլհամ Ալիևի հետ հանդիպելու Սերժ Սարգսյանի որոշումը, երբ սահմանին կրակոցները չեն դադարում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե իրենք ձեռնպահ մնում քննադատել կամ խորհուրդ տալ իշխանությանը: Ամեն դեպքում, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Վիեննայում լուրջ կազմ է հավաքված, այնտեղ են համանախագահող երեք երկրների արտգործնախարարները, ինչը հուշում է, որ միջազգային հանրության կողմից կա վճռականություն՝ ինչ-որ ձևով կարգավորել իրավիճակը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև հրաժարվեց ասել, թե արդյոք կիսո՞ւմ է այն գնահատականները, թե Հայաստանի ղեկավարը Վիեննա է մեկնել թուլացած դիրքերով՝ հաշվի առնելով ապրիլի 2-ից հետո ստեղծված իրավիճակն ու կորցրած դիրքերը:

«Ես չեմ ցանկանում նման արտահայտություններ անել և եզրակացություններ անել: Եթե դուք ուշադիր հետևում էիք մեր քայլերին, ուրեմն պետք է տեսնեիք, որ ապրիլի 2-ից սկսած մեր քայլերը ուղղված են հենց նրան, որ այդ դիրքերը ուժեղ լինեն՝ և՛ ռազմաճակատում մեր բանակը, մեր պետական իշխանությունը ուժեղ լինի, և՛ միջազգային հանրության հետ իր կոնտակտներում և բանակցություններում: Եվ հիմա ես չեմ ուզում հայտարարություններ անել, որոնք կարող են օգտագործվել հակառակ նպատակով», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG