Մատչելիության հղումներ

Բաբայան. Եթե նախագահները հանդիպեն, շեշտը կդրվի խաղաղության և կայունության պահպանման վրա


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

Բանակցային գործընթացը, ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի, ներկա պահին գտնվում է ամենաբարդ իրավիճակում։

«Գրեթե փակուղային վիճակում է, վերակենդանացման, այսպես ասած, բաժանմունքում է գտնվում։ Քանի որ մինչ այդ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պայմաններ էր առաջարկել, որոնք հարգելու դեպքում հնարավոր է բանակցային գործընթացի վերսկսում, և մինչև այս հանդիպման կազմակերպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները իրենց հայտարարություններում կրկնել են այդ նույն պահանջները, այսինքն՝ ընդունել են այս պահանջները, կարծում եմ, որ եթե հանդիպումը լինի, այն արդեն իսկ կլինի տրամաբանական, քանի որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում փաստորեն հավանություն են տվել այն առաջարկ-պահանջներին, որը հնչեցրել է Հայաստանի նախագահը», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բաբայանը։

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն, ապա հիմնական շեշտը կդրվի խաղաղության և կայունության պահպանման վրա, և այդ համատեքստում առանցքային և թերևս միակ ուղղությունը, ասաց Բաբայանը, կլինի զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսող ինչ-որ մեխանիզմների քննարկումը և դրանց ներդրումը։

«Ի դեպ, սա բավականին ծավալուն գործ է՝ պահանջում է և՛ տեխնիկական միջոցներ, և՛ մարդկային միջոցներ։ Դրա հետ մեկտեղ երևի թե պետք է ԵԱՀԿ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեն, որպեսզի կարողանան տիեզերքից դիտարկեն այն հատվածները, որ չեն կարող դիտարկել հարմարանքները։ Այսինքն՝ սա կարևոր ու ծավալուն գործընթաց է, որը չի կարող իրագործվել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, առանց Պաշտպանության բանակի ներգրավվածության», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է Վիեննայում Սարգսյանն ու Ալիևն այդուամենայնիվ չհանդիպեն, Բաբայանը պատասխանեց. - «Երկու նախագահները գտնվելու են Վիեննայում, բայց չէ՞ որ նրանք հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետ, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների հետ, գուցե նույնիսկ հանդիպումը տեղի չունենա, սակայն միևնույն է հարցերը քննարկվելու են Հայաստան-ԵԱՀԿ Մինսկի խումբ, Ադրբեջան-ԵԱՀԿ Մինսկի խումբ ձևաչափով։ Եվ այդ հարցերը լինելու են օրակարգում։ Իսկ կլինի Սարգսյան-Ալիև հանդիպում, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու հարցին, Բաբայանն ասաց, որ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելը շուտ տեղի չի ունենա։

«Արցախի չմասնակցելը սա իրավական խախտում է հենց ԵԱՀԿ-ի կողմից ընդունված որոշումների, որովհետև Արցախ-Հայաստան-Ադրբեջան այս կողմերը, որոնք հաստատվել են Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ, ընդունվել են կոնսենսուսի հիման վրա, նույն Ադրբեջանը, Թուրքիան և Մինսկի խմբի բոլոր երկրները քվեարկել են։ Եթե գեթ մեկ պետություն չքվեարկեր, դա չէր անցնի։ Եթե հիմա բանակցություններն անցնում են խեղաթյուրված ձևաչափով, որևէ գագաթնաժողով, որ այդ հին որոշումը կասեցվեր, կամ նոր որոշում ընդունվեր, չի եղել, փաստորեն՝ նույնիսկ այս իրավիճակում սա իրավական տեսանկյունից խախտում է», - ասաց Բաբայանը՝ հավելելով. - «Բացի դրանից, Ադրբեջանն այս ապրիլյան չորս օրերին պատերազմել է Արցախի դեմ, դա ո՞նց է, որ Արցախը պատերազմական կողմ է հանդիսանում, բայց բանակցային կողմ չի կարող լինել։ Իհարկե, այս ամենը ցույց է տալիս, որ ուշ թե շուտ այս խեղաթյուրված ձևաչափը պետք է փոխվի և վերականգնվի լիարժեք ձևաչափը, որը 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովում հաստատվել է»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն ավելի շատ տարածք է գրավել, քան հայկական կողմն է պաշտոնապես հայտարարում, Դավիթ Բաբայանն ասաց. - «Իրենք ավելի շուտ ադրբեջանական կայքերն են նայում, իսկ այնտեղ այնպիսի տեղեկություն է գրված, որ մենք երևի թե պետք է վախենանք նույնիսկ տանից դուրս գանք, թե չէ Ստեփանակերտում կտեսնենք ադրբեջանական զինվորների։ Իհարկե դա այդպես չէ, և այդ չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ բլիցկրիգը լիովին ձախողվել է, որովհետև նրանց նպատակն է եղել շատ կարճ՝ երկու-երեք օրվա ընթացքում գրավել Արցախը և Հայաստանի որոշ տարածքներ, իսկ հիմա երկու մետր առաջ են եկել՝ տալով այդքան զոհեր։ Տրամաբանական է, որ այս ամենը ցույց է տալիս ադրբեջանական բանակի վիճակը, և այստեղ իրենք ինչքան էլ տեխնիկական առավելություն ունենան, բայց սա միակ գրավականը չէ, վճռորոշ չի կարող լինել, երբ հատկապես գոյություն ունի նպատակների ասիմետրիա՝ արցախցին, հայը պաշտպանում է իր հայրենիքը, ընտանիքը, իսկ ադրբեջանական զինվորները, վարձկանները ո՞ւմ համար են պայքարում՝ ամբիցիաների․ սա թողնում է իր ազդեցությունը պատերազմի արդյունքների վրա»։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 15-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG