Մատչելիության հղումներ

Ավետիսյանների իրավահաջորդները քաղհայց կներկայացնեն ընդդեմ ՌԴ-ի


Սպանված Ավետիսյանների լուսանկարները
Սպանված Ավետիսյանների լուսանկարները

Այսօր դատարանում հրապարակվել են երեք ռուս զինծառայողների նախաքննական ցուցմունքները:

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդները պատրաստվում են քաղաքացիական հայց ներկայացնել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում: Այդ մասին միջնորդությունը փաստաբան Լուսինե Սահակյանը դատարան կներկայացնի երկու շաբաթ անց՝ դատական հաջորդ նիստին:

«Իրենք պետք է հասկանան, որ լուրջ պատասխանատվություն են կրում էստեղ զինվորներ ուղարկելով, նրանց ընտրություն պետք է լինի, և իրականում լավագույնները պետք է այստեղ ծառայեն»,- ասաց փաստաբանը:

Այսօր դատարանը հրապարակեց նաև ՌԴ-ից ստացված հեռագրերն ու դիմումները: Ռուս երեք զինծառայողներ դատարանին տեղեկացրել են, որ հրաժարվում են ներկայանալ դատարան, ինչը պայմանավորել են ընտանեկան խնդիրներով: Նրանք պնդել են իրենց նախաքննական ցուցմունքներն ու դեմ չեն դրանց հրապարակմանը:

Վկաներից մեկը նույնիսկ գրությանը իր լուսանկարն էր կցել: Ամբաստանյալ Վալերի Պերմյակովը ճանաչեց ծառայակցին՝ Դենիս Տարասովին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Միհրան Պողոսյանի կարծիքով՝ Պերմյակովի նախկին ծառայակիցներին պարզապես խորհուրդ են տվել «հեռու մնալ ավելորդ գլխացավանքից»:

Առանցքային վկա է համարվում Անդրեյ Նիկիշինը: Նա է Պերմյակովին Չիտայից Գյումրի բերել և եղել է վերջինիս անմիջական վերադասը: Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող վկաներին դատարան բերման ենթարկելու իրավասություն հայկական կողմը չունի:

Այսօր հրապարակվեցին երեք ռուս զինծառայողների նախաքննական ցուցմունքները: Տանկային գումարտակում Պերմյակովին ծառայակիցները «Ռիժիկ» են կոչել: Նիկիշինն իր ցուցմունքնում նշում է, որ Չիտա է մեկնել թվով 40 զինծառայողի Գյումրիի 102-րդ ռազմաբազա տեղափոխելու համար՝ նախապես ունենալով ցուցակ: Մի քանիսին չի ընտրել, իսկ Պերմյակովը «ոչնչով չի տարբերվել մյուսներից»:

Գյումրի տեղափոխվելուց հետո, ըստ Նիկիշինի, բոլոր զինծառայողները, այդ թվում և Պերմյակովը, անցել են բուժզննություն, նաև հոգեբանական թեստ են հանձնել: Նիկիշինը իր ցուցմունքում նաև պատմել է այն մասին, թե Պերմյակովի՝ զորամասը լքելուց հետո ինչպիսի որոնողական աշխատանքներ են իրականացրել:

Տուժողի իրավահաջորդներն այս վկային խիստ կարևոր են համարում, հենց նրանից են ակնկալում ստանալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Պերմյակովին տեղափոխել Գյումրի, երբ ռուսական կողմի սահմանած չափորոշիչներին զինվորը չի համապատասխանել:

Դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG