Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է «վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները»


Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, Հայաստանը բավարար չափով չի զարգանում ու չի պայքարում կոռուպցիայի դեմ, որպեսզի դիմակայի նոր մարտահրավերների:

Այսօր կառավարության նիստի մեկնարկին ունեցած ըստ էության ծրագրային ելույթում Աբրահամյանը հայտարարեց իշխանությունների մի շարք նախաձեռնությունների մասին՝ բյուջեի խնայողություն, պետական համակարգի կրճատում, պայքար կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ:

Նախաձեռնությունները մանրամասնելուց առաջ վարչապետը տեղեկացրեց, որ մայիսի 14-ից կառավարությունը սկսում է շաբաթական քննարկումներ՝ տնտեսության զարգացման և բազում այլ հարցերի շուրջ, ու բոլոր նրանք՝ ներառյալ ընդդիմությունից, ովքեր ունեն առաջարկություններ, դրանք կարող են համառոտ ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ այդ թվում վերջինիս էլեկտրոնային փոստի միջոցով:

«Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ», - ասաց վարչապետը և հավելեց, որ խնայողություններից առաջացած միջոցները կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:

Վարչապետը նշեց նաև պետական կառավարման ապարատը ավելի կոմպակտ դարձնելու մասին՝ հայտարարելով, որ խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաև տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, և որ մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը պետք է պատրաստ լինի օպտիմալացման վերաբերյալ մանրամասն վերլուծություն․ - «Ամբողջությամբ գիտակցում են այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ: Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Բայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:

Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ չմոռացավ կոռուպցիայի դեմ պայքարը․ - «Նախևառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարևոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»:

Պաշտոնյանների շահերի բախումից վարչապետը սահուն անցավ մենաշնորհների դեմ պայքարին՝ հայտարարելով, որ իր նշած լուծումները արդյունավետ չեն լինի, եթե Հայաստանում չկարողանան ապահովել կայուն և երկարատև տնտեսական աճ․ - «Վերջին երկու տարիներին բազմիցս բախվել եմ հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձևավորված մենաշնորհների դեմ: Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունը ուղղելու ժամանակն է: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»:

Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը «Ազատության» հարցին, թե ինչ են պատրաստվում անել մենաշնորհների դեմ իրապես պայքարելու համար, պատասխանեց․ - «Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին օրենսդրական այնպիսի կարգավորում, որի դեպքում լիազորված մարմինը ոչ թե հայեցողական լայն հնարավորություն ունենա, այլ պարտադրված լինի օրենքով գործելու մրցակցային շուկա ձևավորելու առումով: Գլխավոր հարցը կա և շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը: Երբ մենք խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ մրցակցային միջավայրը կարող է ձևավորվել շատ արագ: Օրինակ, վերցրեք մի մենաշնորհային ոլորտ և ասեք՝ ինչպես է առաջացել այդ մենաշնորհը»:

Հարցին, թե արդյոք փակ է և պետք է բացվի շաքարի ներկրման ոլորտը, նախարարն արձագանքեց․ - «Շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն պետք է: Գոնե Էկոնոմիկայի նախարարությունը այս պահին չունի ուսումնասիրություն իր տրամադրության տակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG