Մատչելիության հղումներ

Քաղհասարակության ներկայացուցիչները իրենց մտահոգությունները ներկայացրին ԵԽԽՎ-ի համազեկուցողներին


«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, արխիվ:

Երևանյան այցի հիմնական թեմաները՝ ընտրական նոր օրենսգիրքն ու կոռուպցիայի դեմ պայքարը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլին և Ռուզեպպե Գալատին առավոտից փակ դռների հետևում քննարկում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին բաց տեքստով ասել է, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա է իշխանական ողջ բուրգում՝ վերից վար․ - «Առաջին հերթին մոնոպոլիզացիան տնտեսության, որն առաջացնում է նաև քաղաքական դաշտի մոնոպոլիզացիա, քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճում, երբ պետական պաշտոնյաները գործադիրում, պատգամավորները ներգրավված են բիզնեսում, որը ինքնին կոռուպցիա է և հովանավորչություն»:

Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը նույնիսկ հարկ չի համարել եվրոպացի զեկուցողների հետ քննարկել Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մոտ մեկ տարի գործող հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքը․ - «Եթե այդ իրավիճակն է, բնականաբար, պետք է շատ ավելի լուրջ մտածել, թե ինչպես պետք է այս ամենը հաղթահարվի: Հակակոռուպցիոն խորհրդով այս հարցերը չեն լուծվում»:

Հոկտանյանը ձեռնպահ մնաց ներկայացնել համազեկուցողների արձագանքը, հնչեցրած գնահատականները իր բարձրաձայնած խնդիրների շուրջ, միայն փաստեց, որ հետաքրքրված էին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը ընտրական նոր օրենսգրքի շուրջ ստեղծված վիճակն է ներկայացրել․ - «Սահմանադրական փոփոխությունների ընթացքը և բուն հանրաքվեն հույս չեն տալիս մտածելու, որ ընտրական գործընթացները հետագայում խախտումներից ու կեղծիքներից զերծ կմնան: Ընտրական օրենսգրքի նախագիծը տարվում է առաջ հիմնականում առանց քննարկումների, իսկ քննարկումների արդյունքում էլ ուղղակի ոչ մի փոխհամաձայնություն կամ փոխզիջում չի արվում: Հետագայում դա օգտագործում են, շահարկում են՝ ներկայացնելով, թե, տեսեք, մենք քաղհասարակության հետ կամ կուսակցությունների հետ խոսեցինք»:

Վարդինե Գրիգորյանը համազեկուցողներին օրինակ է բերել իշխանությունների համառությունը՝ չհրապարակել ընտրություններին մասնակցած մարդկանց անունները, կամ առցանց չհեռարձակել ընտրական ողջ գործընթացը․ - «Դրանք ներկայացվեցին հենց որպես ապացույց այն բանի, որ քննարկումները ձևական բնույթ են կրում: Այսինքն ստացվում է, որ այն հիմնական խնդիրները, որոնք եղել են մեր ընտրական պրոցեսում, ոչ մի ձև դրանց լուծման ուղղությամբ անդրադարձ չկա Ընտրական օրենսգրքի նախագծում: Այսինքն այն խնդիրները, որոնց պատճառով մենք ընտրությունները համարում ենք ոչ-լեգիտիմ, ոչ մի ձև չեն էլ լուծվի: Ուղղակի ստացվում է, որ ավելի շատ լեգիտիմացնում են խախտումների պրոցեսը՝ դուրս մղելով բոլոր նրանց, ովքեր այդ խախտումները ինչ-որ ձևով կբողոքարկեին»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն արդեն կյանքի կոչված նոր Սահմանադրության «թաքնված» պատկերն է ի ցույց դրել Միլիի և Գալատիի առջև․ - «Նախագահական համակարգից, որին ես միշտ դեմ եմ եղել, որովհետև չկա իշխանության տարանջատում, անցնում է կուսակցական կառավարման համակարգի, որտեղ նույնպես դուրս է գալիս, որ իշխանության տարանջատում չկա՝ բոլոր մարմինները կուսակցության դիկտատի տակ են»:

Իշխանյանը վկայակոչում է «պարտադիր կայուն մեծամասնության» քննադատված դրույթը․ - «Որը նույնիսկ թույլ չի տալիս, եթե որևէ մեկը չունի մեծամասնություն, երեքից ավելի այլ կուսակցություններ կոալիցիա ստեղծեն, որը ժողովրդավարությանը հակասող դրույթ է: Ավելին ասեմ՝ նույնիսկ Հանրապետության նախագահի ընտրությունը, որը նախատեսված է, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի թեկնածուն դառնալու է Հանրապետության նախագահ: Մնացած ամեն ինչը լիրիկա է»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները առաջիկայում զեկույց են գրելու նաև այս քննարկումների արդյունքներով:

XS
SM
MD
LG