Մատչելիության հղումներ

ԼՂ խորհրդարանական․ «Հարցին լուծում կարող է տալ միայն Արցախի բնակչությունը»


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի բոլոր խմբակցություններն անընդունելի են համարում առանց Ստեփանակերտի մասնակցության կրակի դադարեցման մասին պայմանավորվածության ձեռք բերումը:

«Ազատության» հետ զրույցներում խմբակցությունների ղեկավարները ընդգծեցին, թե դա մի փորձ էր վերջնակապես դուրս մղել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից:

Ղարաբաղյան շփման գծում սկիզբ առած ռազմական գործողությունները դադարեցին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածության արդյունքում, որը ուժի մեջ մտավ ապրիլի 5-ին:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի խոսքով, պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի բացակայության պայմաններում նման պայմանավորվածության կայացումը լուրջ մտահոգություն է առաջացրել․ - «Ամբողջ ղարաբաղցիներին է մտահոգում, որ ներկայացուցիչ չկար: Անսպասելի հարձակումը արդեն կասեցվել է Արցախի բանակի կողմից, հայ զինվորը կասեցրել էր, արդեն պետք է այն տեղափոխեր թշնամու տարածք և մարտի ելքը վճռեր այնպես, ինչպես եղավ 1994 թվականի մայիսի 12-ին: Ռուսաստանի Դաշնությունը, եթե մտահոգված էր այդ պատերազմը շատ կարճ ժամանակամիջոցում կանգնեցնելու, թող ապրիլի 2-ին հայտարարեր, որ մտահոգված է լայնածավալ պատերազմով, որը ընթանում էր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև: Ընդամենը պաշտոնական ապրիլի 2-ին ես լսեցի Ռուսաստանի իշխանություններից, որ նրանք հետևում են իրադարձություններին․․․ Ես միայն մի բան գիտեմ, որ մեր հույսը պետք է դնենք մեզ վրա»:

Ըստ ԼՂ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի, Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունն ակնհայտորեն նպատակ ունի նախադրյալներ ստեղծել, որպեսզի Ստեփանակերտը հետագայում ևս դուրս մնա բանակցային գործընթացից․ - «Ուղղակի պետք է ասեմ՝ սա անընդունելի էր: Եվ սա լավագույն առիթն էր նորից, մեկ անգամ ևս ղարաբաղյան կողմը ներգրավելու: Բարեբախտաբար այդ ամենը բանավոր էր և գրավոր չէր, և բարեբախտաբար, գոնե այս հանգրվանում մենք տեսնում ենք, որ 1994 թվականի զինադադարի եռակողմ ստորագրված փաստաթղթի իրավական ձևաչափը դեռևս գործում և պահպանվում է»:

Վարդգես Բաղրյանը, ով գլխավորում է մեծությամբ երրորդ՝ ‹‹Ժողովրդավարություն›› խմբակցությունը, անիմաստ է համարում առանց Ստեփանակերտի մասնակցության որևէ պայմանավորվածության կայացումը կամ բանակցություններ վարելը․ - «Ի վերջո այս հարցին լուծում կարող է տալ միայն Արցախի բնակչությունը, որովհետև մեր ճակատագիրն է որոշվում: Այսինքն այդ ո՞վ է իմ փոխարեն լուծում իմ հարցը։ Ես որևէ մեկին լիազորե՞լ եմ որպես արցախցի»:

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը քննադատեց նաև ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը․ - «Ճիշտ չէր առնվազն: Ղարաբաղը պետք է լիներ մասնակից»:

Ընդդիմադիր մեկ այլ՝ «Վերածնունդ» խմբակցությունը ղեկավարող Հայկ Խանումյանն ավելի խիստ գնահատական տվեց․ նման պայմանավորվածությունը, նրա խոսքով, ուղղակի նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գործոն լինել․ - «Ադրբեջանը ցանկանում էր այս հարձակումով նաև 1994 թվականին Արցախի դրած ստորագրությունը ի չիք դարձնել, հետևաբար այդ հրադադարի պայմանավորվածությունը միգուցե նաև այդ նպատակն ուներ: Բարեբախտաբար դա որևէ ձև գրավոր համաձայնություն չդարձավ և չդարձավ զինադադարի նոր պայմանագիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG