Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց ԼՂ անկախության ճանաչման օրինագծի մասին եզրակացությունը


Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում

Նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը:

Այսօր կառավարությունը հաստատեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի վերաբերյալ եզրակացությունը և ուղարկեց խորհրդարան։

Ըստ վարչապետի կողմից ստորագրված փաստաթղթի՝ օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորվի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով, հաշվի կառնվեն հետագա զարգացումները, այդ թվում արտաքին գործոնները:

Ներկայացնելով նախագիծը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ասաց․ - «Ձեր հավանությանն եմ ներկայացնում կառավարության եզրակացության նախագիծը «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդ եզրակացության, օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնվելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ազգային ժողով ուղարկված եզրակացությունում նաև ասվում է, որ երբ օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվի, հարակից զեկուցմամբ հանդես կգա Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Առայժմ հայտնի չէ, թե նախագիծը երբ կքննարկվի խորհրդարանական հանձնաժողովում ու կընդգրկվի խորհրդարանի օրակարգում:

Նիստին հետևած ճեպազրույցում Քոչարյանը ասաց, որ ադբեջանական նոր ագրեսիայի դեպքում հարցը կմտնի խորհրդարանի օրակարգ։ «Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին», - շարունակեց նա, - «ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի այդ հարցում, միանշանակ կմտնի օրակարգ»:

Լրագրողների հարցին, թե արդյոք Արցախի ճանաչումը չի տապալի հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացը, Քոչարյանն արձագանքեց. - «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան, այլ ոչ թե մեր իրավական քայլերը»:

Շավարշ Քոչարյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ի վերջո արտգործնախարարությունը հավանությո՞ւն է տվել Փոստանջյանի ու Բագրատյանի նախագծին, թե՞ ոչ։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եզրակացությունը դրական էր․ - «Կարող եմ ասել, որ կառավարությունը տվեց ըստ էության դրական եզրակացություն»:

Կառավարության նիստից ժամեր անց, երբ անգամ միջազգային որոշ լրատվամիջներ գրել էին, թե Հայաստանը պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ Արտգործնախարարությունը՝ մասնավորապես նշելով, որ կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն տալ Արցախի անկախությունը ճանաչելու նախաձեռնությանը։

«Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին», - ասված է հայտարարությունում։

Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, կառավարարության այս քայլը դիվանագիտական ճնշման փորձ է Ադրբեջանի նկատմամբ, և Հայաստանն ամեն դեպքում ոչ թե առաջին, այլ երկրորդ երկիրը կլինի, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը։

«Հայաստանը փաստում է, որ եթե Ադբեջանը այլևս չգործի դիվանագիտության կանոններով, Հայաստանը ստիպված կլինի փոխել մարտավարությունը։ Հայաստանը շատ դիվանագիտական լծակներ չունի, իսկ սա հիմնարար դիվանագիտական գործիք է, որով սպառնում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։

XS
SM
MD
LG