Պաշտոնական Բաքուն շարունակաբար մերժել է ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Պրահայում Եվրամիության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
«Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու միջազգային իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով», - Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, իր ելույթում ասել է Նալբանդյանը:
Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից կնքված զինադադարի հաստատման վերաբերյալ 1994 թվականի և հրադադարի ամրապնդման 1995 թվականի եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին, ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով:
Արտգործնախարարն ընդգծել է, որ այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերը:
«Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար», - ասել է Նալբանդյանը։
Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, այսօրվա հրամայականն է՝ «կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն»: «Համանախագահների կողմից առաջադրված վստահության ամրապնդման միջոցների կյանքի կոչումը, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունների մեծացումը, անկասկած, կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Նման որոշակի քայլերը կարող են թույլ տալ վերականգնել բանակցային մթնոլորտը, շարունակելու խաղաղ գործընթացը», - ասել է նա:
Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը ջանք չի խնայի համանախագահ երկրների հետ միասին աշխատելու՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: