Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող «օֆշորային սկանդալի» առնչությամբ քրեական գործ է հարուցվել


ԴԱՀԿԾ-ի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, արխիվ:
ԴԱՀԿԾ-ի նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, արխիվ:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ ընտրվել է ամենամեղմ հոդվածը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) երեկ քրեական գործ է հարուցվել:

Իրավապահների փոխանցմամբ՝ գործը հարուցվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Ըստ «Հետք»-ի, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

Հրապարակման հեղինակներից Էդիկ Բաղդասարյանի համար քրեական գործի հարուցումն անակնկալ էր: «Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ կհարուցվեր քրեական գործ, բայց հարուցվել է: Թե ինչ կլինի հետագայում, չգիտեմ: Այդպիսի դեպքեր շատ են եղել, երբ քրեական գործեր հարուցվել են, հետո ժամանակի ընթացքում մոռացվել է, կամ փակվել է, կամ կարճվել է: Իսկապես չեմ հավատում, որ ինչ-որ բան տեղի կունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը իրավապահ մարմնից ակնկալում է ստանալ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները․ - «Կարծում եմ, որ սա ձևական բնույթ է կրում: Հարուցվել է քրեական գործ, երկար քննություն է կատարվելու․․․ հետագայում կկարճվի այդ գործը: Բայց եթե ձև չէ, ապա պետք է ուսումնասիրություն կատարվի և հատկապես առաջնայինը՝ որտեղի՞ց Միհրան Պողոսյանին այդ գումարները, արդյո՞ք պաշտոնեական դիրքի չարաշահում չկա, փողերի լվացման խնդիրներ կան-չկան, հարկերից խուսափելու հարցեր կան-չկան»:

«Ընտրվել է ամենամեղմ հոդվածը», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը: - «Այնտեղ կա հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածը, 205 հոդվածը, որը մահակ է մեր գործարարների համար: Ամենափոքր խանութպանին կարող են առաջադրել այդ 205 հոդվածը, որը շատ խիստ է և ավելի մեծ պատիժ է նախատեսում»:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը երկու տարվա ազատազրկումն է։

«Դա գոնե ինձ ապացուցում է, որ այս ամբողջ գործընթացը կրում է ձևական բնույթ՝ զուտ մի քանի հարցեր լուծելու համար: Առաջինը միջազգային ֆինանսական կառույցների աչքին թոզ փչելն է, որովհետև Արժույթի միջազգային հիմնադրամը շատ խիստ է վերաբերվում օֆշորային գործարքներին: Երկրորդը․ ինձ թվում է, որ Միհրան Պողոսյանը ինչ-որ բան թաքցրել է ոչ թե հանրությունից (դա կառավարությանը, իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում), այլ թաքցրել է մեզ շատ հայտնի «սև դրամարկղից»: Կարծում եմ, այս հոդվածը ուղղակի զգուշացում է Միհրան Պողոսյանին, որ իր նախկին «բաց թողած» մուծումները վճարի այդ դրամարկղին», - ասաց Գևորգյանը:

Քրեական գործը հարուցվեց օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերի, այսպես կոչված Պանամայի փաստաթղթերի գաղտնազերծումից մեկ ամիս անց։

Միհրան Պողոսյանի ու նրա բարեկամների անունները հայտնվեցին ներկա ու նախկին պաշտոնյաների՝ այդ թվում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի անունների կողքին: Բայց Պողոսյանին, պարզվեց, ամենաշատը վշտացրել էր իր և Ադրբեջանի նախագահի միջև զուգահեռը։ Արդարադատության գեներալ-մայորն իր հրաժարականը հենց այդպես էլ պատճառաբանեց՝ «անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»։:

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ պետական բյուջեից օֆշորային սխեմաներով հնարավոր է միլիոններ թաքցնել․ - «Բոլոր մոնոպոլիստները օգտվում են այս նույն սխեմաներից, և տարեկան հարյուրավոր միլիոն դոլարի կորուստ է ունենում մեր պետական բյուջեն դրա պատճառով: Միհրան Պողոսյանը հիմնել է «Քեթրին գրուփ» ընկերությունը, որը հետո ձևականորեն վաճառվեց մեկ ուրիշին, բոլորը գիտեն, որ դրա նկատմամբ վերահսկողությունը Միհրան Պողոսյանը չկորցրեց: Բանանի բացարձակ մոնոպոլիան, որը նույնիսկ 18-րդ, 19-րդ դարի չափանիշներով չի․ այդպիսի բացարձակ մոնոպոլիա ունի «Քեթրին գրուփը»: Օֆշորային ընկերության հետ գործարքի գնալու հիմնական նպատակը շահույթը ոչ թե Հայաստանում ցույց տալն է, այլ օֆշորային գոտում, որտեղ շահութահարկ չկա կամ շատ ցածր է: Պարզունակ սխեմա է, որի դեմ պայքարելը շատ հեշտ է․ ընդամենը գրչի մի քանի հարվածով կարելի է այդ ամեն ինչը լուծել: Ուղղակի Հայաստանի իշխանությունները չեն ուզում դա լուծել: Համոզված եմ, որ իրենք էլ շահագրգռված են, որ այդպիսի գործարքներ լինեն»:

XS
SM
MD
LG