Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ․ «Հայաստանը կրակի հետ է խաղում»


Այս հայտարարությունը Ռեջեփ Էրդողանն արել է Խորվաթիայում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի՝ Էրդողանը նաև ասել է. - «Ընթացող բախումների ֆոնին Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը ուժեղանում են: Իսկ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանին լիովին աջակցել: Համենայն դեպս բացահայտ չի աջակցում, քանի որ Ադրբեջանի հետ շահավետ հարաբերություններ ունի: Բնակչության, բանակի թվի և մյուս հնարավորությունների տեսանկյունից Ադրբեջանի կարողությունը անհամեմատ ավելի մեծ է Հայաստանի կարողությունից: Ադրբեջանը նման չէ տարածաշրջանի երկրներին՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել: Միայն Ղրիմում կարողացավ, քանի որ թաթար բնակչության թիվը քիչ էր: Ռուսաստանը սխալ է գործում»:

Թուրքական «Սթար» լրատվականի հաղորդմամբ` Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան հայերի նկատմամբ բարյացկամություն է ցուցաբերում․ - «Թուրքիայում շուրջ 100 հազար հայ կա, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացի չի: Կացության իրավունք չունեցողներին նույնպես ըմբռնումով ենք մոտենում: Հետ վերադարձրեցինք մեր հայ քաղաքացիների համայնքային գույքը: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հրապարակեցի»:

Իսկ նախօրեին Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը Բաքվում կայացած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանը Ադրբեջանի կարիքն ունի և առանց նրա հետ բարեկամության հաստատման երկար կյանք չի կարող ունենալ․ - «Բոլորը գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը պատերազմ չի ուզում: Պատերազմ ուզում են հայ ազգայնականներն ու նրանց աջակցող արտաքին ուժերը: Այդ պատճառով էլ Հայաստանի ժողովուրդը պետք է ջանք գործադրի Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG