Մատչելիության հղումներ

Այսօր Բաքվում բացվում է Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումը


Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիև և Ռեջեփ Էրդողան, Անկարա, 15-ը ապրիլի, 2016թ․
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիև և Ռեջեփ Էրդողան, Անկարա, 15-ը ապրիլի, 2016թ․

Հայաստանն այս հավաքը բոյկոտում է։

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում բացվում է Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ, միջազգային հավաքի մասնակիցների թիվը հասնում է մոտ երկու հազարի։

Բաքու կմեկնեն մի շարք պետությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։

Քաղաքակրթությունների դաշինքի նախաձեռնությամբ 2004 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն։ Այդ գաղափարին հավանություն է տվել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ֆորումը կոչված է նպաստել միջմշակութային երկխոսությանը։

Հայաստանը ոչ միայն հայտնել է այս ֆորումը բոյկոտելու մասին, այլև առաջարկել է մասնակիցներին հրաժարվել Բաքու մեկնելուց։

«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ 7-րդ ֆորումին չի մասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ով զանգահարել է Իլհամ Ալիևին և ներողություն է խնդրել Ադրբեջան նախատեսած այցը հետաձգելու համար։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զանգահարել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և ներողություն հայցել Հայաստան նախատեսած այցը հետաձգելու համար։

Բան Կի-մունը պետք է այցելեր հարավկովկասյան բոլոր երեք պետություններ` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Փորձագետների համոզմամբ, այցը չեղյալ է հայտարարվել ղարաբաղյան շփման գծում ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի մարտերի պատճառով։

Բաքվի ֆորումին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով, ամենայն հավանականությամբ, վաղը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք։

Բաքվում նախատեսված է Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։ Էրդողանը վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ահաբեկչական գրոհների պատճառով երկու անգամ` փետրվարին և մարտին, ստիպված էր հետաձգել Բաքու նախատեսած այցը։

Ալիևը և Էրդողանը վերջին անգամ հանդիպել են Ստամբուլում ապրիլի 10-15-ը տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության համագումարի օրերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG