«Ազատություն». - Պարոն դեսպան, շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հետ խոսել: Իմ հարցը վերաբերում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը, որին Դուք մասնակցում եք: Ի՞նչ կարող եք ասել այս համաժողովի, այս մրցանակի կարևորության մասին:
Դեսպան. - Շնորհակալություն, Հրայր: Այո, ես պատիվ ունեմ մասնակցելու, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք` սովորելու «Ավրորայի» երկխոսություններից: Եվ ակնկալում եմ վաղը` մրցանակաբաշխության ժամանակ, է՛լ ավելին իմանալ այն մասին, թե ինչ է արվում ամբողջ աշխարհում զանգվածային կոտորածները, ցեղասպանությունները և մարդու իրավունքների խախտումները կանխելու համար: Ես կարծում եմ, որ սա հոյակապ նախաձեռնություն է, հոյակապ եղանակ է հարգելու և զարգացնելու հարյուր տարի առաջ` 1915-ին տեղի ունեցածի մասին մեր հիշողությունները, և այդ հիշատակը օգտագործելու կանխարգելման համար: Ես կարծում եմ` այսօր դրա դեմ պայքարող, կանխարգելող մարդկանց գնահատելը լավագույն ձևն է հարգելու այն մարդկանց հիշատակը, ովքեր զոհվեցին հարյուր տարի առաջ:
«Ազատություն». - Պարո՛ն դեսպան, Միացյալ Նահանգների բազմաթիվ հայ քաղաքացիներ ակնկալում են, որ մի օր իրենց իշխանությունները կբնութագրեն 101 տարի առաջ տեղի ունեցած կոտորածները որպես ցեղասպանություն: Եվ նրանք շարունակում են սպասել, որ ԱՄՆ-ի այս նախագահը կամ այլ պետական մարմիններ կանեն դա: Մինչդեռ` բազմաթիվ նահանգներ արդեն իսկ իրենց տարածքում ճանաչել են այս ողբերգությունը որպես ցեղասպանություն: Ի՞նչ եք կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ` թերևս ապագայում, երբ ԱՄՆ-ի նախագահը տեղի ունեցածը կանվանի ցեղասպանություն: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
Դեսպան. - Կարծում եմ նախագահը երեկ շատ ազդեցիկ հայտարարությամբ հանդես եկավ երեկ Վաշինգտոնում, որում նա հերթական անգամ նշեց, որ 1915 թվականի իրադարձությունները 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից էին, և որ ԱՄՆ-ի իշխանությունները և ամերիկացիները երբեք մոռացության չեն մատնելու այն մեկուկես միլիոն մարդկանց հիշատակը, ովքեր Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղահան արվեցին, կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Կարծում եմ նախագահը հստակորեն ասաց, որ մենք ցանկանում ենք տեսնել տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում, և որ դա է հաշտեցման ճանապարհը և որ այդպես է հնարավոր հասնել արդարության: Եվ կարծում եմ նախագահը հստակորեն ասաց, որ դա լինելու է մեր ուշադրության կենտրոնում:
«Ազատություն». - Այնտեղ մեկ տող էլ կար` ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարության մասին: Նա նաև խոսեց սիրիահայերի մասին և գովեստի խոսքեր հնչեցրեց Հայաստանի իշխանությունների հասցեին` շուրջ 17,000 սիրիացի փախստականների հյուրընկալելու համար: Այսպիսի ձևակերպում կարծես թե առաջին անգամ է հնչում ԱՄՆ-ի նախագահի ուղերձում, այնպես չէ՞:
Դեսպան. - ԱՄՆ-ի կառավարությունը նախկինում ևս երախտագիտություն է հայտնել և ողջունել է Հայաստանի իշխանությունների գթասրտությունը և առատաձեռնությունը սիրիահայերի նկատմամբ: Եվ դուք նաև ճիշտ եք` նա առաջին անգամ է այս մասին խոսում իր ապրիլյան ուղերձում: Առհասարակ` կարծում եմ հարյուր տարի առաջ զոհվածների հիշատակը լավագույնս հարգելու եղանակը այն է, ինչ Հայաստանն անում է այսօր` օգնության ձեռք մեկնելով փախստականներին, նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Ինչպես նախագահը ասաց` դա գթասրտության և առատաձեռնության տպավորիչ դրսևորում էր: