Մատչելիության հղումներ

Հայկ Դեմոյան․ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունները ցեղասպանության վտանգ են պարունակում


Armenia -- The cover of a new book on Armenian Genocide: "The Road of Aurora: Odyssey of the Armenian Genocide Surviver".
Armenia -- The cover of a new book on Armenian Genocide: "The Road of Aurora: Odyssey of the Armenian Genocide Surviver".

Թանգարան-ինստիտուտը համապատասխան փաստաթուղթ է մշակել, որն այսօր ուղարկվել է միջազգային մի շարք կառույցների:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի համոզմամբ՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ծավալումը նոր ցեղասպանության իրականացման վտանգ է պարունակում:

«Ապրիլյան իրադարձությունները վկայեցին այն մասին, որ դրանք դատարկ հռետորաբանություն չեն, այլ դրանք պարունակում են վտանգ: Ակնհայտորեն այն հանցագործությունները, որ իրականացրեց ադրբեջանական ռազմուժը, գալիս է փաստելու այն մասին, որ մենք այլևս կարող ենք հայկական բանակին և ընդհանրապես հայությանը վերագրել ցեղասպանություն կանխարգելելու գործառույթ: Մենք պետք է կարողանանք միջազգային լսարանին, միջազգային ատյաններում ակնհայտ կերպով և շատ պարզ ձևով բացահայտենք, որ եթե չլինի այս զսպման քաղաքականությունը, պատժելու քաղաքականությունը, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղասպանության իրականացումը», - հայտարարեց Դեմոյանը:

Ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ Դեմոյանն ամփոփեց նաև, թե ինչ աշխատանք է տարել թանգարան-ինստիտուտը 20-րդ դարի սկզբին Օսմայան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Նրա փոխանցմամբ, քաղաքական ակցիաների, լոբբիստական աշխատանքներին զուգընթաց տարվում է լրջագույն ակադեմիական աշխատանք:

Դեմոյանը ընդգծեց նաև՝ միայն անցած տարի շուրջ 50 ցուցադրություններ են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում:

Թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հավելեց, որ Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտական կրթաթոշակ է սահմանվել․ - «Սա եզակի դրամաշնորհ է, որ մենք ենք հրավիրում օտարերկրյա մասնագետներին: Անցած տարի ունեցանք երեք մասնագետ Ֆրանսիայից, Գերմանիայից և Հունգարիայից: Այս տարի սպասում ենք Ավստրալիայից մի գիտնականի, որը մեկ ամիս աշխատելու է մեր թանգարանում»:

Թանգարանի համար այս տարվա լրջագույն ձեռքբերումը «Ավրորայի ուղին․ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքի հրատարակումն է․ շուրջ 300 լուսանկարներով այդ անգլերեն հրատարակությունը ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկանյանի պատմությունը:

2011 թվականին Միացյալ Նահանգներում Ավրորայի զարմուհու հետ պատահական հանդիպումից հետո մի ամբողջ պահոց ի հայտ եկավ՝ մանկության հնամաշ ու անորակ լուսանկարներից մինչև Ավրորայի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հոլիվուդյան ֆիլմի պաստառները: 1919-ին նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի ցուցադրությունը որոշ ժամանակ անց մեկընդմիշտ դադարեցվեց:

«Միացյալ Նահանգներում համար մեկ ֆիլմն էր համարվում, և անխտիր բոլոր կինոթատրոններում բոլոր ռեկորդները պատկանել են «Հոգիների աճուրդ» ֆիլմին», - նշեց Դեմոյանը՝ շարունակելով․ - «Աշխատանքներն են տարվում, որպեսզի հայտնաբերենք լիակատար տարբերակը: Հույս ունենք, որ այն պահպանվել է: Որովհետև ֆիլմը ցուցադրվել է լատինամերիկյան երկրներում, Կանադայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում: Դեռ հույս կա»:

Զուգահեռներ տանելով Հոլոքոսթի հետ՝ Դեմոյանը նշեց, որ 6 միլիոն հրեաների կոտորածը իր չավարտված օրագրում տեղավորեց դեռատի աղջնակ Աննա Ֆրանկը, և ահա այսօր փորձ է արվում հայ ժողովրդի ապրած ողբերգությունը աշխարհին ներկայացնոլ 16-ամյա հայուհու՝ Ավրորայի դժվար կյանքի միջոցով․ - «Այսօր ամբողջ աշխարհը գիտի Աննա Ֆրանկին, որի պատմությունը թարգմանվել է և աշխարհի ամենաշատ տպագրված տասը գրքերի մեջ է: Ավրորայի դրվագը մենք չուզեցանք պատճենենք․ մենք ուզեցինք ներկայացնել հենց առանձին վերցված, որովհետև մարդկային խիզախության պատմություն է սա առաջին հերթին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG