Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ավելի քան մեկ տարի անց, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը խոստովանում է՝ երկիրը դեռ չի օգտվել միության առավելություններից:
«Տարբեր պատճառներ կան, սկսած նրանից, որ, այո, կար անպատրաստության տարր, ավարտված նրանով, որ ընթացակարգերի ոչ լիարժեք ընկալում կա նաև ռուսական կողմից, նաև էն մյուս կողմերից: Այսինքն, սա ոչ միայն միակողմանի է, նաև երկկողմանի խնդիրներ են եղել»,- պարզաբանեց նախարարը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը նաև ասաց՝ թեև անցած ժամանակահատվածում բազմաթիվ հարցեր կարգավորվել են, բայց շատ հարցեր էլ դեռ հստակեցման կարիք ունեն:
«Սկսած Հայաստանի բեռնափոխադրումների համար ստեղծված խոչընդոտներից, ավարտված հայկական ապրանքները արտահանող կազմակերպությունների համար ֆինանսական ապահովագրական արդյունավետ մեխանիզմ ձևավորելով: Այսինքն՝ սրանք այնքան շատ հարցեր են, որ բարդել մեկի վրա՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կլինի: Բայց որ մենք, ակնհայտ է՝ դեռ չենք իրացրել, չենք օգտվել էդ առավելություններից, սա փաստ է»,- շարունակեց Մինասյանը:
Նա հավելեց՝ Հայաստանը նաև չի կարողանում «մինչև վերջ օգտագործել» Եվրամիության GSP+ համակարգի ներուժը, որն առևտրային արտոնություններ է սահմանում զարգացող երկրների համար:
Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը անդամակցում է նախորդ տարվա հունվարի 2-ից: Թեև անդամակցությունից առաջ հայաստանյան իշխանությունները շարունակ խոսում էին 170 միլիոնանոց միասնական շուկայի ներուժի և օգտակար հեռանկարների մասին (անգամ հնարավոր էին համարում, որ Երևանը կարող է կապող օղակ լինել Եվրամիության ու ԵՏՄ-ի միջև), այժմ այլ բան են վկայում նույնիսկ պաշտոնական թվերը:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անդամակցության առաջին տարվանից հետո հայ-բելառուսական առևտուրը կրճատվել է 2 տոկոսով, հայ-ռուսականը՝ 18 տոկոսով, հայ-ղազախականը՝ 31.4 տոկոսով: