Մատչելիության հղումներ

“Коммерсантъ”-ը Կազանի փաստաթղթի մանրամասներ է հրապարակում


Բանակցությունները Կազանում, 24-ը հունիսի, 2011թ․
Բանակցությունները Կազանում, 24-ը հունիսի, 2011թ․

Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է ամենամոտ ժամանակներս կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար, գրում է պարբերականը:

Ռուսական “Коммерсантъ” պարբերականը հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան թեմային:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից թերթին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունները վերսկսելու առաջարկով:

Իսկ պարբերականի Կրեմլի զրուցակիցը նաև հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարևորություն է տալիս:

Թերթը, մասնավորապես, գրում է․ - «Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքի ամենահին խնդիրներից մեկը կարգավորելու համար: Եվ եթե Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը վերսկսվի, ղարաբաղյան բանակցային գործընթացում նախաձեռնությունը Արևմուտքից կանցնի Ռուսաստանին»:

Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը “Коммерсантъ”-ին հավաստիացրել է, թե այս փուլում պատրաստվում են բանակցությունները, և հնարավոր է, որ դրանք վերսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ այս մասին գրել էր նաև Կրեմլին մոտ կանգնած “Известия” թերթը:

“Коммерсантъ”-ը, վկայակոչելով Կրեմլում իր անանուն բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է ամենամոտ ժամանակներս կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար:

Պարբերականը մեջբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերը այն մասին, որ եթե նույնիսկ նման բանակցությունները վերսկսվեն, շեշտադրումը պետք է արվի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Բացի այդ, ընդգծել է Բաբայանը, առանց Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել խնդրի լիակատար կարգավորմանը:

Իսկ որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում “Коммерсантъ”-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերն այն մասին, որ եթե բանակցել կարգավորման շուրջ, ապա՝ Կազանի փաստաթղթի հիման վրա:

Ռուսական պարբերականի փոխանցմամբ՝ Կազանում տապալված այսպես կոչված ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:

Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները:

“Коммерсантъ”-ը գրում է, որ հենց կարգավիճակի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ:

Իսկ պաշտոնական Երևանը, հիշեցնենք, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ էր ընդունել Կազանի փաստաթուղթը, և վերջին պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրաժարվել այն ստորագրել:

Թերթը մեջբերում է Հայաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրի խոսքերն այն մասին, որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ Դմիտրի Մեդվեդևի՝ որպես Ռուսաստանի նախագահ պաշտոնավարման օրոք ձեռք բերված համաձայնագրերին: Բացի այդ, “Коммерсантъ”-ի աղբյուրը Հայաստանի կառավարությունում ասել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որ հետո վերադարձնեն դրանք Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխիքների և անկախության ճանաչման դիմաց:

Հայաստանը երբեք չի հրաժարվի իր հիմնական պահանջից՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, գրում է պարբերականը՝ հղում անելով Երևանում իր աղբյուրին:

Ըստ թերթի, Հայաստանի անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հայկական կողմը պատրաստ է վերսկսել նախկինում ռուսների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, հայերը գրավել են Ղարաբաղի հարակից շրջանները, որոնք պատրաստ են վերադարձնել Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը և ճանաչումը երաշխավորելու դիմաց։

«Ոչ մի իշխանություն Հայաստանում կամ Ղարաբաղում այլ կերպ գործել չի կարող, վերջնագրից հրաժարվելու դեպքում երկու ժամում այդ իշխանությունը կտապալվի, մենք երբեք չենք հրաժարվի գլխավոր պահանջից` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց»,- ասել է այդ աղբյուրը։

“Коммерсантъ”-ը նաև մեջբերում է տարբեր փորձագետների կարծիքներն այն մասին, որ սպասվող բանակցությունները չափազանց բարդ են լինելու:

Հավելենք, որ վերջին կես տարում “Коммерсантъ”-ը պարբերաբար անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ միշտ վկայակոչելով Ռուսաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG