Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ անազատության մեջ


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը։

Վերաքննիչ դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի բողոքը՝ ընդդիմադիր ակտիվիստին թողնելով անազատության մեջ:

Դռնփակ նիստին Նուբարաշենի կալանավայրից բերվել էր նաև ինքը՝ Գևորգը։

«Գևորգը հայտարարեց, որ արդեն վերջին երեք տարիներին ոստիկանության մարմինները և իշխանական մարմինները իր նկատմամբ հետապնդում են իրականացնում, և ասաց՝ «ես քաղաքական բանտարկյալ եմ», որովհետև, ըստ էության, իր նկատմամբ, նա օրինակ բերեց, որ մահափորձ է եղել ու չի բացահայտվել, բազմաթիվ բռնություններ են եղել», - «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Դատավորը, մինչդեռ, փաստաբանի փոխանցմամբ, խորհրդակցական սենյակ հեռանալուց առաջ հետաքրքրվել է, թե արդյո՞ք Գևորգը հատուկ դեմք է, ում պետությունը պետք հետապնդի, կամ մի՞թե նա այնպիսի քաղաքական հեղինակություն ունի, որ հալածանքների ենթարկվի, արժանանա ոստիկանության ու դատարանների հատուկ վերաբերմունքին։

«Մեր դատարանները շատ հանգիստ են ընդունում, որ եթե անձը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, ապա նրա նկատմամբ կարող են իշխանության ներկայացուցիչները հետևյալ վերաբերմունքն ունենալ», - ասաց Հայրապետյանը։

Դատարանի այսօրվա որոշմամբ, առնվազն մինչև մայիսի 15-ը Գևորգը կանցկացնի կալանավայրում: Ամենայն հավանականությամբ վաղը նախաքննությունը կավարտվի:

«Արդեն այդ պահին ակնհայտ է թե՛ դատախազների մոտեցումը, թե՛ քննչական մարմինների մոտեցումը, որ շատ խիստ արարք է կատարել Գևորգը, ըստ իրենց, և այդ արարքի համար իրենք ամեն կերպ պայքարելու են, որպեսզի խիստ պատիժ կիրառվի», - ասաց փաստաբանը։

Ամանորի գիշերվանից ճաղերի հետևում հայտնված Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք, մեկ ամսվա կալանք, կամ էլ՝ առավելագույնը հինգ տարվա ազատազրկում:

Ոստիկան Գեղամ Խաչատրյանը Գևորգից բացի ժամանակին այսպիսի ցուցմունք է տվել նաև Շանթ Հարությունյանի դեմ։ «Թվում է, թե սայթաքում է և այլն, բայց քննիչն ասում է՝ «այ տեսա՞ր, քո ուսը շարժվեց ու այդ ժամանակ Գեղամը մի 3.5 մետր հետո ընկավ», - ասաց փաստաբանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ից Վարուժան Ավետիսյանին դատարանի այսօրվա որոշումը չզարմացրեց։ Նա ասում է, որ նույնիսկ պատերազմի վտանգը չի ստիպում իշխանությանը ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

«Դատարաններ չկան, մենք գործ ունենք ժամանակակից ձևերի տակ քողարկված խանական կառավարման համակարգի հետ, որի մեջ դատարանը ադմինիստրացիայի մաս է՝ երիտասարդներին հոգեբանորեն պատժելու, Գևորգի նման ակտիվ երիտասարդներին հետ պահելու», - ասաց Ավետիսյանը։

Այսօր Գևորգին աջակցելու էր եկել Ռուզաննա Եղնուկյանը, Մաշտոցի պողոտայում ոստիկանության հետ բախումից հետո ճակատի վերքը սպիանում է, դեռ գլխացավեր ունի: Իսկ հարուցված քրեական գործով առայժմ տեղաշարժ չկա, թեև Ռուզաննան ճանաչվել է տուժող, բայց որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

«Չեմ կարծում, որ կբացահայտվի, նույն Գևորգ Սաֆարյանի կալանքը ինչո՞ւ են երկարացրել՝ պատճառաբանելով, որ տեսանյութում վերջին օրը ինչ-որ ոտք են հայտնաբերել, որը հայտնի չէ, թե ում է պատկանում, ում է հարվածել, բայց դրա համար Գևորգը պետք է նստի, որպեսզի պարզեն, թե ոտքի տերը ով է։ Այստեղ էլ՝ ոտքը կա, հարվածը կա, տեսնողներ են եղել նույնիսկ, որ ասել են, մատնացույց են արել, որ ոստիկանն է եղել, բայց ջրվելու է գնա՝ առանց որևէ լուրջ հետևանքներ թողնելու, առանց մեղավորին պատժելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղնուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG