Մատչելիության հղումներ

Ձերբակալված Մուրադյանի հայրը պնդում է, թե որդին հոգեկան հիվանդություն ունի


Ձերբակալված կասկածյալ Հովհաննես Մուրադյանը:
Ձերբակալված կասկածյալ Հովհաննես Մուրադյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված երևանաբնակ 32-ամյա Հովհաննես Մուրադյանի հայրը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որդին տառապում է շիզոֆրենիայով:

Հովհաննես Մուրադյանը ձերբակալվել է երեկ երեկոյան՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համատեղ միջոցառումների արդյունքում: Կասկածյալն արդեն հարցաքննվել է ու ցուցմունք տվել:

Կասկածյալի հայրը՝ Սերգեյ Մուրադյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե միջադեպի մասին առաջին անգամ երեկ է լսել, երբ իրավապահները եկել էին ձերբակալելու Հովհաննեսին:

32-ամյա երիտասարդի հայրը չի բացառում, որ ուսումնական նռնակը կարող էր իր որդին նետել, քանի որ վերջին հինգ տարիներին Հովհաննեսը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, պարբերաբար բուժվել է տարբեր կենտրոններում, ընդունել դեղորայք․ - «2010 թվի հունվարի 6-ից մենք նկատեցինք, որ իրա մոտ մի բան էն չի: Դիմեցինք բժշկի, ինքը հենց առաջին իսկ օրից դիագնոզեց շիզոֆրենիա»:

Հոր խոսքով՝ 2014-ին որդին հաշվառվել է նաև Ավանի հոգեկան առողջության կենտրոնում՝ այնտեղ բուժում ստանալուց հետո:

Վերջին շրջանում կրկին նկատվել է հիվանդության սրացում․ - «Նայեք, այ էսքան դեղերը ինքը չի խմել: Հավաքել-պահել էր: Իրիկունը խուզարկության ժամանակ քննիչները հանեցին: Ասեցին՝ էս ի՞նչ ա․․․ Շշմեցի, ասեցի, այ մարդ, չի խմել դեղերը, դրա համար էլ էս սրացումը էղել ա իրա մոտ, ինքը գնացել ա էդ քայլին»:

Հայրը չգիտի, թե ինչու է որդին նռնակ նետել Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ, սակայն ենթադրում է, որ երկրորդ նախագահի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցիչ․ - «Որ սրանում էր, ինքը արդեն սկսում էր հայհոյանքներից սկսած․․․ էս մեր կառավարությունից բռնած․ Լևոնից բռնած, Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, մինչև Ալիևով, Պուտինով, Օբամայով․․․ Սաղին հայհոյանքների տարափի տակ բան էր անում ու բողոքում էր անընդհատ»:

Սերգեյ Մուրադյանի խոսքով, իրենց տան պահոցում խորհրդային տարիներից մնացել էր ուսումնական մի նռնակ, իսկ միջադեպի օրը՝ ապրիլի 15-ին, Հովհաննեսը մոտ մեկ ժամով բացակայել է տնից․ - «Ինձ զանգեց, ասեց՝ պապ, մեքենան չկանգնացնես, տեղ ունեմ գնալու»:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այս գործով նշանակվել են փորձաքննություններ: Առայժմ տեղեկություն չկա դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու մասին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ այս պարագայում նման փորձաքննություն քննիչները պարտավոր են նշանակել․ - «Եթե վիզուալ քննիչի մոտ կասկածներ կարող են առաջանալ, էլ չեմ ասում, որ անձը կարող է հաշվառված լինել հոգեբուժական կլինիկաներից մեկում․․․ Այդ բոլոր հանգամանքները հիմք են, որպեսզի նշանակվի այդ փորձաքննությունը»:

XS
SM
MD
LG