Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան․ Երբ ջրերը հանգստանան, Պողոսյանը ավելի բարձր պաշտոնի կնշանակվի


Քաղաքական գործիչները մեկնաբանում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Միհրան Պողոսյանի հրաժարականը «իրավիճակային լուծում է՝ ուղղված միջազգային հանրությանը»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը չի բացառում, որ որոշ ժամանակ անց Պողոսյանը նշանակվի ավելի բարձր պաշտոնի: Մոտ երեք տարի առաջ օֆշորային մեկ այլ սկանդալի կիզակետում հայտնված Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո առանց պաշտոն չմնաց․ նախ նշանակվեց Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան, ապա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար:

«Ես իշխանություններից ակնկալում եմ, որ այդպես անարդար չեն վերաբերվի Պողոսյանի նկատմամբ, և որոշ ժամանակ հետո, երբ ջրերը մի փոքր կհանգստանան, ինքը ավելի բարձր պաշտոնի կնշանակվի: Նվազագույնը՝ իր պաշտոնում կվերականգնվի», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:

ԴԱՀԿ ծառայությունը մինչև Միհրան Պողոսյանի հրաժարականը հայտարարում էր, թե օֆշորային գոտիներում նրա ունեցվածքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Օֆշորում գրանցված ընկերությունների, թաքցրած եկամուտների մասին հրապարակումներին Պողոսյանը երեկվա հայտարարության մեջ չի անդրադարձել՝ նախընտրելով հրաժարականի հայրենասիրական դրդապատճառներ նշել․ - «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանատվություն է ակնկալում․ - «Չորսօրյա պատերազմը ինչ-որ նոր թարմություն է մտցրել էս կոռուպցիոն սկանդալների առումով, և ես, օրինակ, ակնկալում եմ ավելի շատ հրաժարականներ, նաև քրեական գործերի հարուցումներ, նաև դրա հետ կապված պատասխանատվություն»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գնահատում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վերջին տարիների աշխատանքը: Այս պահին Սահակյանը չի հասկանում, թե ինչու պետք է Պողոսյանը հայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում․ - «Չեմ կարծում, թե երբ պաշտոնից հրաժարվում են, իրավաբանական հետևանքներ պետք է լինեն: Այլ բան է, եթե մարդը հանցագործ է, կամ ինչ-որ մի այդպիսի բան է կատարել իր կյանքում, այդ ժամանակ կարող է պատասխան տալ: Բայց պաշտոնից հրաժարվել և պատասխան տալ․․․ Ո՞ւմ պիտի պատասխան տա»:

«Ազատության» հիշեցմանը, որ խոսքը օֆշորային սկանդալի մասին է, ու հարցին, թե արդյոք դատախազությունն զբաղվելո՞ւ է դրանով, Ազգային ժողովի նախագահը արձագանքեց․ - «Հասկանալի է: Դրանք ըստ էության մամուլում արտահայտված մտքեր են: Դրա իրողությունները եթե այնպիսին լինի, որ հակասի մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ոչ մենակ ինքը, այլ ցանկացած մարդ պիտի պատասխան տա»:

Միհրան Պողոսյանի պաշտոնեական առաջխաղացման հեռանկարը Գալուստ Սահակյանը չի բացառում․ - «Ես կարծում եմ՝ եթե Ձեր ասած այդ հանելուկային, թերթերով տրված բացատրությունները այդպես չլինեն, Հայաստանի քաղաքացի է, միշտ էլ կարող է որևէ պաշտոն զբաղեցնել»:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, պաշտոնյաները Հայաստանում պատժվում են մի դեպքում՝ եթե չեն կատարում իշխանության ներքին պայմանավորվածությունները․ - «Չմուծված հարկեր, իհարկե, չի լինի: Քրեական գործ կարող է բացեն ՀՔԾ-ում, հետո՝ իհարկե շատ եռանդուն աշխատանքից հետո, հաստատվի, որ հանցակազմ չկա: Եվ կշարունակվի այն ջերմ մթնոլորտը իշխանության ներսում, որ մինչև հիմա եղել է»:

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ դատախազության հանձնարարականով շարունակում են հետաքննել պանամյան օֆշորում Միհրան Պողոսյանի գրանցած ընկերությունների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը: Քրեական գործ դեռևս չի հարուցվել:

XS
SM
MD
LG