Մատչելիության հղումներ

ВПК. «Հետախուզություն՝ կռվով»


Ըստ ռուսաստանյան «Военно-промышленный курьер» հանդեսի, ղարաբաղյան գոտում վերջին բախումները վերհանեցին հակամարտողների ուժեղ և թույլ կողմերը։

Իսրայելի փորձի կիրառում, բայց հին խորհրդային կանոնադրություն

Ռազմական վերլուծություններ հրապարակող «Военно-промышленный курьер» («Ռազմաարդյունաբերական սուրհանդակ») ռուսաստանյան հանդեսն անդրադարձել է ղարաբաղյան քառօրյա պատերազմին, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում «վերջին լարվածությունը» ցույց է տվել հայկական և ադրբեջանական զինված ուժերի ուժեղ և թույլ կողմերը։

«Հետախուզություն կռվով» խորագիրը կրող վերլուծության հեղինակ Ալեքսեյ Ռամմի կարծիքով, Լեռնային Ղարաբաղը բավական փակ տարածք է, և հիմնականում տեսականորեն կարելի էր դատել 22 տարում ԼՂ Պաշտպանության բանակի ստեղծած ամրությունների որակի մասին։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարության կազմակերպման հիմքում դրվել է Գոլանի բարձունքների վրա Սիրիայի հնարավոր հարձակմանը դիմակայելու՝ իսրայելական բանակի փորձը։ Ընդ որում, դիրքերը տեղակայվել և ամրացվել են այնպես, ինչպես պահանջում են դեռ խորհրդային ժամանակներում հաստատված մարտական կանոնադրությունը և ինժեներական ապահովման հրահանգները։

Ղարաբաղի տանկերը և հակաօդային պաշտպանությունը

Լեռնային Ղարաբաղի բանակը մեծ ուշադրություն է հատկացրել տանկերի դիրքերի սարքավորմանը, հենց դրանք են դարձել պաշտպանության հիմքը, կատարելով շարժական կրակակետերի դերը։ Այդ դիրքավորումը թույլ է տալիս հարկ եղած դեպքում տեղաշարժվել և հետ վերադառնալ։

Ոչ պակաս կարևոր էր պատրաստվել գործողությունների՝ հակառակորդի օդային առավելության պայմաններում։ Պաշտպանական դիրքերը հագեցվել են հակաօդային պաշտպանության համակարգերով, մասնավորապես, ПЗРК տեսակի շարժական զենիթահրթիռային համակարգերով և ЗУ-23-2 տեսակի զենիթային կայանքներով։

Մարտական հաշվարկները սովորել են օդային թիրախներ ոչնչացնել ոչ միայն խոշոր տրամաչափի գնդացիրներով, այլև РПГ-7 տեսակի հակատանկային նռնականետերով, որոնք բավական արդյունավետ են ուղղաթիռներ վայր գցելու համար։

Ադրբեջանը կտրուկ փոխել է ռազմավարությունը

Ըստ վերլուծաբան Ալեքսեյ Ռամմի, Ադրբեջանը նախկինում մտադիր էր հրետանու և ավիացիայի լայնածավալ կիրառմամբ, տանկերով, զրահապատ մեքենաներով և հետևակի գրոհային ջոկատներով ճեղքել Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և հետևողականորեն` մեկը մյուսի հետևից գրավել հայերի դիրքերը։

Այդ ռազմավարությունը միանգամայն հարմար էր պաշտպանվող կողմի` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տեսակետից, քանի որ ակնհայտ էր, որ ադրբեջանցիների ուժերը, խրվելով և լուրջ կորուստներ կրելով հայերի պաշտպանական դիրքերում, ի զորու չէին լինի երկու շաբաթում գրավել Լեռնային Ղարաբաղը։

Բայց 2000-ական թվականներին Ադրբեջանը շեշտակի փոխել է ռազմավարությունը, որոշելով մեծ նշանակություն չունեցող խրամատների և բարձունքների համար արյունալի մարտեր մղելու փոխարեն` հակառակորդին հուժկու հարվածներ հասցնել նրա պաշտպանության ամբողջ խորության վրա, թիկունքից մեկուսացնելով և առանձին-առանձին ոչնչացնելով նրա առաջավոր դիրքերը։

Հսկայական ծախսեր գերարդիական և գերճշգրիտ զենքի համար

Այդ խնդիրը լուծելու համար Ադրբեջանը սկսել է զենքի և զինամթերքի լուրջ գնումներ կատարել, մասնավորապես, Ռուսաստանից գնել է հեռահար МСТА-С, 120-мм 2С31 «Вена» տեսակի հաուբիցներ, ռուսական, իսրայելական և թուրքական հրետանային համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), այդ թվում «միանվագ» օգտագործման «Հարոպ»-ներ (IAI Harop), որոնց զինվորականներն անվանում են «կամիկաձե»։

Ամենաթանկ գնումներից էր Իսրայելում արտադրված «Սփայք» (Spike-NLOS) տեսակի հակատանկային հրթիռային համակարգը, որը կարող է ոչնչացնել մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զրահապատ տեխնիկա, կառույցներ և դաշտային ամրացումներ։

Վերլուծաբան Ռամմը նշում է, որ «Սփայք»-երի և «Հարոպ»-ների գնումներն Ադրբեջանը կատարել է հույժ գաղտնի, ուստի ստույգ տվյալներ դրանց թվի մասին չկան։ Ադրբեջանը նաև մեծ ուշադրություն է հատկացրել զրահատեխնիկային, մասնավորապես՝ Տ-90 (T-90) տանկերին և ԲՄՊ-3 (БМП-3) զրահամեքենաներին։ Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները ստացել են անհրաժեշտ հանդերձանք, պաշտպանության, կապի և գիշերային տեսանելիության տեխնիկական միջոցներ։

Ապրիլյան մարտերը` տեղական կոնֆլիկտների սցենարով

Փոխհրաձգություններից հետո կողմերից մեկը որոշել է վճռական հարված հասցնել, դեռևս հասկանալի չէ, թե կոնկրետ որ կողմն էր նախահարձակը, բայց չի կարելի հերքել, որ հենց Ադրբեջանն է նախապես դիրքերին մոտեցրել լրացուցիչ ուժերը, ժամանակավոր տեղակայման կետեր հասցրել ուղղաթիռները և ստեղծել հրետանային ամուր բռունցք, գրում է Ռամմը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանցիներն անցել են հարձակման` կիրառելով կուտակած ռեզերվները։ Հյուսիսային բուֆերային գոտում` Թալիշի մոտ, նրանց «կոմանդոսները» գրավել են հայերի մի քանի դիրք։ Եվս մեկ խումբ մտել է բուն Թալիշ, որտեղ մարտի է բռնվել հայերի հետևակի դեմ։

Արդեն կոնֆլիկտի ավարտից հետո հրապարակվել են սպանված խաղաղ բնակիչների լուսանկարները։ Հայերը պնդում են, որ ադրբեջանցիները միտումնավոր գնդակահարել են քաղաքացիական բնակիչներին և խոշտանգել կենդանի ու սպանված մարդկանց։ Դատելով լուսանկարներից, այդ «կոմանդոսների» հարձակումն այնքան անսպասելի էր, որ բնակիչները պարզապես չեն հասցրել հեռանալ, իսկ հայ զինվորները չեն կարողացել հետ մղել հակառակորդի գրոհը։

Բայց, ինչպես նշում է «Военно-промышленный курьер»-ը, Թալիշում պաշտպանվող կողմն ի վերջո ադրբեջանցի «կոմանդոսներին» ստիպել է նահանջել, իսկ նահանջի ճանապարհին նրանց ոչնչացրել են ականանետերի և ավտոմատ նռնականետերի կրակով։ «Կոմանդոսների» գործողություններին աջակցել են «Գիշերային գայլ» անվամբ թիվ 1 էսկադրիլյայի Ми-24G տեսակի ուղղաթիռները։ Ի դեպ, G-ն Gebe բառի առաջին տառն է, «գեբե» ադրբեջաներեն նշանակում է «գիշեր»։

Առավոտյան ադրբեջանցիների ստորաբաժանումները պետք է հասնեին հայերի կողմից գիշերը վերագրավված դիրքերին, նրանց տեղաշարժի պաշտպանությունն ապահովել է հրետանին, որի գործողությունները համակարգել են ԱԹՍ-ները։ Բայց ադրբեջանցիները բախվել են հայերի համառ պաշտպանությանը և չեն կարողացել փոխարինել «կոմանդոսներին», ովքեր ապրիլի 2-ի վաղ առավոտյան հայտնվել են Ղարաբաղի բանակի հարվածների տակ։

Տեղական մարտերում կորցնելով գրաված դիրքերի մի մասը, ադրբեջանցիները կարողացել են նվաճել առանցքային մի քանի բարձունք։ Ми-24G ուղղաթիռներից մեկը հայկական կողմը վայր է գցել РПГ-7 նռնականետով, ինչից հետո ադրբեջանցի հրամանատարները կարգադրել են անհապաղ դադարեցնել մարտերի շրջանում բոլոր ուղղաթիռների թռիչքները։

«Սփայք»-ը և ԱԹՍ-ները խիստ արդյունավետ զինատեսակներ են

Բաքվի հրետանին, ԱԹՍ-ները և «Սփայք» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռները բավական արդյունավետ են գործել և եթե չեն կասեցրել, ապա առնվազն էապես բարդացրել են հայերի ռեզերվների տեղաշարժերը և հակագրոհների կազմակերպումը։

«Սփայք»-երի միջոցով, ըստ «Военно-промышленный курьер»-ի, ոչնչացվել է առնվազն երեք հայկական տանկ, որոնք տեղակայված են եղել տանկերի համար կառուցված ամրացված հենակետերում` «կապոնիրներում», որտեղից կրակ են բացել ադրբեջանցիների վրա։

«Սփայք»-երը, հավանաբար, թիրախներ են գտել ԱԹՍ-ների օգնությամբ, որոնք տեսագրել և կոորդինատները ուղարկել են հակատանկային կառավարվող հրթիռների հաշվարկին։ Իսկ «Հարոպ» տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ները ոչնչացրել են հայ զինվորականներին փոխադրող ավտոբուսը և, հավանաբար, գումարտակային շտաբերից մեկը։

Լեռնային Ղարաբաղի ռեզերվի մոտեցումը կանխելու համար ադրբեջանցիները կիրառել են «Սմերչ» և «Գրադ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ։

Մի քանի դիրքի գրավումը Ադրբեջանում համազգային ոգևորություն է առաջացրել

Լեռնային Ղարաբաղի հրետանին ակտիվորեն ներքաշվել է հակամարտության մեջ, փորձելով նախևառաջ օգնել հայկական ստորաբաժանումներին, որոնք ձգտում էին ցանկացած գնով հետ գրավել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կորցրած դիրքերը։

Բայց, չնայած Լեռնային Ղարաբաղի զինվորականների ջանքերին, ադրբեջանցիները կարողացել են մինչև կրակի դադարեցումը պահել նվաճած որոշ դիրքեր, ինչն Ադրբեջանում դարձել է ազգային ոգևորության առիթ և ռազմական-քաղաքական ղեկավարությանն ընձեռել է հպարտ հայտարարություններ անելու հնարավորություն։

Փորձագետը նշում է, որ Բաքուն այս անգամ չի կիրառել ամրացումների դեմ ամենահզոր զենքը` «Սոլնցեպյոկ» տեսակի ծանր հրանետային համակարգերը, որոնք կարող են ոչնչացնել նույնիսկ ամենաամուր բունկերները, ինչը տակավին վերջերս ապացուցվել է Սիրիայում։

Թալիշից ազերիների հեռացումը ավելի նման էր փախուստի

Բայց բնավ ամեն բան հարթ չէ Ադրբեջանի զինված ուժերի պարագայում։ Նրանց թույլ կողմը, ավանդաբար, անձնակազմն ու, մասնավորապես, հետևակն է։ Մարտերում բարոյակամային բարձր որակներ չեն դրսևորել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Հեռացումը Թալիշից ավելի նման էր զանգվածային փախուստի։ Տեխնիկական առավելության հաշվին ադրբեջանցիները որոշակի հաջողությունների են հասել, բայց այստեղ կա հաղթանակի գինը, 4 օրում Ադրբեջանը սպառել է մեծ թվով թանկարժեք զինամթերք և տեխնիկա։

Ապրիլյան մարտերի փորձը վկայում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դիրքային փակուղուց դուրս գալու ելքը գտել է, բայց այդ մարտերը պահանջում են շատ լուրջ նյութական միջոցներ և գերարդիական զենք։ «Սակայն նույնիսկ դա (գերարդիական տեխնիկան) ադրբեջանցիներին չի ազատում բարոյահոգեբանական շատ ավելի բարձր որակներ, լավ մոտիվացիա և մինչև վերջ կռվելու պատրաստ հակառակորդի դիրքերը գրոհով նվաճելու պարտավորությունից»,- եզրակացրել է «Военно-промышленный курьер»-ի փորձագետ Ալեքսեյ Ռամմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG