Մատչելիության հղումներ

Շփման գծում օպերատիվ իրադրությունն անփոփոխ է


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանման զինծառայողը Մարտունու մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանման զինծառայողը Մարտունու մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվում է առանձին հատվածներում, գիշերը կասեցվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, իրավիճակը վերջին օրերին նույնն է, բացառությամբ առանձին հատվածների:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, առաջնագծի հյուսիսարևելյան՝ Մարտակերտի, և հարավարևելյան՝ Հադրութի ուղղություններով հակառակորդը 82 միլիմետրանոց (1 արկ), 60 միլիմետրանոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

Գիշերը արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 4:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Երեկ նույնպես շփման գծի առանձին հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաններում առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ պատասխան քայլեր ձեռնարկելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG