Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Վաշինգտոնը չպետք է անուշադրության մատնի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն անտեսեն այն», - The Washington Post-ում հրապարակած հոդվածում պնդում է Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան` արձանագրելով, որ Արևմուտքը` նախևառաջ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Ռուսաստանի շատ ավելի կրավորական կեցվածք որդեգրեց ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած ռազմական գործողությունների հանդեպ:

«Տրանսատլանտյան առաջնորդները կոչ արեցին վերջ տալ բռնություններին և ակտիվացնել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, ոչ ավելին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակառակը՝ վճռական գործողությունների դիմեց, մի կողմից փորձելով ամրապնդել Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, մյուս կողմից էլ Հայաստանին ու Ադրբեջանին հեռու պահելով Արևմուտքի ազդեցությունից», - ամերիկյան հեղինակավոր պարբերականում գրում է Բրայզան` հատուկ ընդգծելով, որ Ռուսաստանը վերջին տասնամյակում միշտ էլ ակտիվորեն ներգրավված է եղել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

«Ես [Մինսկի խմբի] ամերիկացի համանախագահի պաշտոնը զբաղեցրել եմ 2006-ից 2009 թվականներին: Այդ ժամանակաշրջանում իմ ռուսաստանցի գործընկեր Յուրի Մերզլյակովը, ինչպես նաև նրա անմիջական ղեկավարները, կառուցողական դիրքորոշում էին դրսևորում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համանախագահների հետ ժամեր շարունակ մասնակցում էր ղարաբաղյան կարգավորմանը նվիրված քննարկումներին, իսկ այն ժամանակ Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևի ջանքերի շնորհիվ 2009 թվականին կողմերը բավական մոտ էին լուրջ տեղաշարժին», - գրում է Մեթյու Բրազյան:

«2008-ի օգոստոսին Վաշինգտոնն ու Մոսկվան սուր առճակատման մեջ մտան Վրաստանի խնդրում: Չնայած դրան՝ [այդ նույն ժամանակահատվածում] մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում նույնքան ակտիվ էր, որքան թեժ էր հակամարտությունը Վրաստանի մասով: Այս ամենից ելնելով է, որ ես պարզապես զարմացած եմ այս օրերին Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության բացակայությունից: Մինսկի խմբի շրջանակում ջանքերը մեկտեղելու փոխարեն Պուտինը միայնակ է գործում», - նկատում է Բրայզան՝ ենթադրելով, որ Ռուսաստանի նախագահի նման գործելաոճի պատճառներից մեկը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի` ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը վարկաբեկելուն են ուղղված:

Միացյալ Նահանգների փոխնախագահը ռազմական գործողությունների վերսկսումից տառացիորեն մի քանի ժամ առաջ էր Սպիտակ տանն ընդունել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին:

Բրայզայի համոզմամբ Հարավային Կովկասի՝ իր բնորոշմամբ «որպես կանոն կասկածամտությամբ աչքի ընկնող» բնակիչները դժվարանում են տեղի ունեցածը որպես պարզ զուգադիպություն ընկալել:

«Եվ իրոք՝ երկու նախագահները այնքան էլ շահագրգռված չէին Լեռնային Ղարաբաղում աննախադեպ ծավալի ռազմական բախումների վերսկսմամբ, այն էլ մի պահի, երբ իրենք փորձում էին Սպիտակ տանը համոզել, որպեսզի այն ներգրավվի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում: Ադրբեջանցիներից և հայերից շատերը վաղուց արդեն մտավախություն ունեին, որ դրսի որևէ ուժ կարող է տեղական հրամանատարներից մեկին դրդել ռազմական գործողությունների վերսկսմանը», - նշում է Մեթյու Բրազյան` այս ամենի ֆոնին կոշտ քննադատություն ուղղելով ամերիկյան դիվանագիտության հասցեին:

«Պուտինը գործադրվող ակտիվ դիվանագիտական ջանքերի շնորհիվ օգտվում է ստեղծված կացությունից մի իրավիճակում, երբ Օբաման որևէ հետաքրքրություն այս ամենի հանդեպ չի ցուցաբերում: Սպիտակ տունը նույնիսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեկավ», - նշում է Բրազյան` հավելելով, թե Պետքարտուղարության արձագանքը ևս համարժեք չէր ռազմական բախումների ծավալին:

«Իսկ Պուտինն, օրինակ, շարունակաբար խորհրդակցում էր Ալիևի և Սարգսյանի հետ, Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ակտիվորեն աշխատում էին Երևանում և Բաքվում գտնվող իրենց պաշտոնակիցների հետ: Որպես հետևանք՝ արդեն ապրիլի 5-ին Ռուսաստանի Զինված ուժերի [Գլխավոր շտաբի] պետը իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ միասին, առանց Մինսկի խմբի ներգրավվման, կարողացավ հասնել հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը», - նշում է ամերիկացի դիվանագետը` այս ամենը որակելով որպես պաշտոնական Մոսկվայի դիվանագիտական հաջողություն:

«Այս գործողությունների միջոցով Պուտինը երկու առանցքային ուղղություններով առաջընթաց է արձանագրում: Մի կողմից՝ նա բարելավում է Ռուսաստանի վարկը` ուկրաինական ձախողումից հետո: Բացի այդ, այս ամենով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասում միանձնյա հարց լուծողը հենց Ռուսաստանն է», - համոզմունք է հայտնում Բրայզան, կարծիք հայտնելով, որ Սպիտակ տան այս պասիվությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում Արևմուտքի դիրքերի հետագա թուլացմանը:

«Մինչ Պուտինը նոր ճգնաժամերի հիմքեր դնելով` Հայաստանին և Ադրբեջանին դուրս է մղում Արևմուտքի ազդեցությունից, Վաշինգտոնը դիտորդի դեր է ստանձնել», - գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG