Իշխող Հանրապետականի խորհրդարական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, վարչապետը պետք է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստին:
«Մեկնելը բոլոր պարագաներում ճիշտ է, որովհետև բոլոր տեղերում մենք ասելիք ունենք և պետք է հնարավորությունը բաց չթողնենք, անկախ նրանից՝ ինչ հարաբերություններ է եղել, որտեղ է հետաձգվել: Ինձ թվում է, ճի՛շտ է մեկնելը, և սա այն դեպքը չէ, որ թշնամիներ փնտրենք, նեղացկոտ կեցվածք ընդունենք, այլ ընդհակառակը՝ մենք մեր ասելիքը պետք է բոլոր ամբիոններից ասենք և օգտագործենք բոլոր ամբիոնները»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ արդեն որոշում կա և վարչապետ Աբրահամյանը մեկնելու է Մոսկվա, հանրապետական գործիչը պատասխանեց. - «Ձեզ ներկայացրեցի իմ անձնական կարծիքը: Որոշման մասին լրացուցիչ հայտարարություն կլինի»:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է կայանար ապրիլի 8-ին Երևանում, սակայն Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների ժամանակ Ղազախստանի նախաձեռնությամբ և առնվազն Ռուսաստանի համաձայնությամբ, որոշվեց նիստը հետաձգել և անցկացնել Մոսկվայում՝ անորոշ ձևակերպմամբ՝ «հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»:
Հայաստանի դաշնակիցների նման որոշումը խիստ բացասական արձագանք գտավ Երևանում: Անցած հինգշաբթի ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»:
Կառավարության մամուլի ծառայությունից այսօր ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ մոսկովյան նիստին մասնակցելու վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ որոշում չի կայացրել: