Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու ժամանակը չէ»


Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը, արխիվ:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը, արխիվ:

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Ի Լուր» կայքին։

Առաջին նախագահի նախաձեռնությամբ, հիշեցնենք, տեղի է ունեցել նրա հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Զրույցը վերաբերել էր սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին:

Այսօր հրապարակված հարցազրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդը համոզմունք է հայտնում, որ պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է «դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ», որտեղ «Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը»։

Այդուհանդերձ Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ Սարգսյանը պարտավոր է «որոշակի դրական քայլեր կատարել»․ - «Դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ։ Չի կարելի անհոգության ժամանակներում արհամարհել ժողովրդին ու ընդդիմությանը, իսկ դժվարին պահերին ակնկալել նրանց աջակցությունը»։

Դառնալով հրադադարի պահպանմանը՝ Հայաստանի առաջին նախագահը համոզմունք է հայտնում, որ «մանր-մունր փոխհրաձգությունները չբացառած, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումները», քանի որ հենց Մոսկվայի միջամտությամբ է կրակը դադարեցվել․ - «Որպես հետևանք, այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»։

Ըստ ընդդիմադիր ՀԱԿ-ի ղեկավարի, Ալիևը, «թեև մեծ զոհերի գնով, անակնկալ գործողության շնորհիվ հայկական կողմին զգալի մարդկային կորուստներ պատճառելու և մի քանի դիրքեր գրավելու փաստի սիմվոլիկ «հաղթաթղթով» փորձելու է շահել սեփական ժողովրդի համակրանքը և ուժեղացնել իր դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, այսօր էլ բանակցությունների սեղանին շարունակում են մնալ հայտնի Մադրիդյան սկզբունքները, որոնց «հիման վրա մշակված և կողմերի միջև մեծ մասամբ համաձայնեցված ծրագիրը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը «որդեգրել է» Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքով՝ երկրորդ նախագահն է Ստեփանակերտին դուրս թողել բանակցային սեղանից՝ եզրակացնելով, թե Սերժ Սարգսյանը այս ամենը ժառանգել է հենց Քոչարյանից, ուստի գործող նախագահի պատասխանատվության չափը ավելին չէ:

Ի դեպ, այսօրվա հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է նաև, որ արդեն պայմանավորվածություն ունի հանդիպելու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ․ - «Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը»:

Առաջին նախագահն այսօր նաև պատմել է, թե ինչպես է նախաձեռնել հանդիպումը՝ ապրիլի 5-ին ձեռագիր նամակ ուղարկելով Սերժ Սարգսյանին․ - «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար, վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաև ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը»։

Տեր-Պետրոսյանը մինչև հանդիպումն արդեն շեշտել էր, որ փոխօգնության պայմանագրի կամ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու գաղափարները, որպես քարոզչական հնարքներ, «թերևս իմաստ ունեն», բայց դրանք իրականացումը պետք է լինի «ճշգրիտ հաշվարկի հետևանք»:

Տասնամյակից ավելի չհանդիպած իր քաղաքական հակառակորդին ուղղած ձեռագիր նամակում առաջին նախագահը նաև զգուշացրել է, թե քննարկումը տեսագրելու, անգամ լուսանկարելու կարիք չի տեսնում, քանի որ, ինչպես Տեր-Պետրոսյանն է գրել՝ «գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում»:

Սերժ Սարգսյանը նամակին պատասխանել է հեռախոսով՝ համաձայնելով ավելի քան մեկ տասնամյակ անց հանդիպել Տեր-Պետրոսյանին:

Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ կրկնել Տեր-Պետրոսյանի քայլը:

«Այսպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում», - այսօր Tert.am-ին ասել է երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ դժվար թե գործող և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:

Քոչարյանն առայժմ չի անդրադառնում այսօր Տեր-Պետրոսյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին, փոխարենը անուղղակի հակադարձելով 80-ականների զենքի մասին Սերժ Սարգսյանի՝ քննադատության արժանացած հայտարարությանը․ - «Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG