«Մենք երբեք չենք խնդրել խաղաղապահների տեղակայում, բայց դեմ էլ չենք եղել առաջարկին», - այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա մանրամասնեց գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը․ - «Երբ որ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Մադրիդյան սկզբունքների հիման վրա տեղի ունենա հանրաքվե, և մենք դեմ չենք, որպեսզի խաղաղապահ զորքերը տեղակայեն մինչև հանրաքվեի անցկացման պրոցեսը: Ընդհանուր միտքը կայանում է դրանում»:
Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չի տեսնում․ - «Քանի մենք կարողանում ենք վերահսկել, և ես վստահ եմ, որ դա մենք կարող ենք անել, դրա ուղղակի անհրաժեշտությունը չի երևում: Նա ուզում է թե չի ուզում, պետք է ֆիքսվի շփման գիծը այնպես, ինչպես կա․ դրա համար մենք պահանջել ենք, որ այդ հրադադարը ենթադրի նաև վերադարձ ապրիլի 1-ի դիրքերին, և դրա վրա կառուցվի ընդհանրապես հետագա հրադադարի ռեժիմը: Պարտադիր չէ, որ այդտեղ անպայման խաղաղապահ ուժեր կանգնեն»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ Լևոն Զուրաբյանի խոսքով, խաղաղապահների թեման 1990-ականներից է քննարկվում: Նա ասաց, որ իրենց իշխանության տարիներին խոսքը հարցի կարգավորման դեպքում ԵԱՀԿ-ի կողմից ստեղծված բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին էր:
Հայկական կողմը, Զուրաբյանի փոխանցմամբ, այդ ժամանակ վերապահումներ ուներ․ - «Ասելով, որ Թուրքիան չի կարող մաս կազմել խաղաղապահ ուժերին այն պարզ պատճառով, որ Թուրքիան ըստ էության հակամարտության կողմ է, քանի որ իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանին և անգամ անցել թշնամական գործողությունների՝ իրականացնելով շրջափակում Հայաստանի նկատմամբ»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր էլ դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը․ - «Եթե լինում է կարգավորում, ուրեմն պետք է լինեն խաղաղապահ զորքեր: Դրան ոչ ոք դեմ չի եղել երբևիցե: Ավելին ասեմ՝ ինչո՞ւ համար է դա արվում: Դա երաշխիք է [ռազմական] գործողությունների չվերսկսման համար»:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Ադրբեջանին ռուսաստանյան զենքի վաճառքը սուր քննադատության են ենթարկում ոչ միայն հատուկենտ ընդդիմադիրներ, այլև իշխանության ներկայացուցիչները:
«Այդ զենքերի վաճառքը պետք է դադարեցվի», - ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ 1980-ականների զենքով ադրբեջանցիները հզոր զինանոցի դեմ ոգով էլ է հնարավոր պայքարել․ - «Որևէ զենք, որևէ զինանոց իգու հետ չի կարող պատերազմել»:
«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց․ - «Իրապես ժամանակն է, որ շատ ավելի կոշտ և հստակ դրվի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարող մյուս պետությունների, մասնավորապես, Իսրայելի, Բելառուսի առջև: Բնականաբար Թուրքիայի մասին չեմ խոսում, որովհետև այստեղ խոսելու բան մենք չունենք»: