Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայ ռազմագերիների մասին տեղեկություններ չունի


Դավիթ Բաբայանի հավաստմամբ, նաև հնարավոր ռազմագերիների հետ կապված հարցեր են քննարկել ՄԽ համանախագահների հետ:

Հայկական կողմը դեռևս հստակ տեղեկություններ չունի՝ կապված Ադրբեջանում հայ ռազմագերիների հնարավոր առկայության հետ: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի իշխանություններն այդ մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտարարել: Բաբայանը, սակայն, չբացառեց, որ չհայտարարելու համար կարող են և որոշակի դրդապատճառներ լինել:

«Պետք է ճշտենք՝ կան թե չկան, եթե ինքը [Ադրբեջանը] չի հայտարարում՝ ինչ է եղել այդ մարդկանց ճակատագիրը, թաքցրել են, թե ինչ են արել․․․բայց այս ամենը պետք է ճշտվի, ակնկալում ենք, որ կճշտվի նաև «Կարմի խաչ»-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Իհարկե՝ այստեղ գտնվող համանախագահների հետ այդ ամենի մասին ևս խոսվել է, և պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:

Շփման գծում քառօրյա ռազմական գործողություններից հետո հայկական կողմը հայտարարում է անհետ կորած զինծառայողների մասին: Թեժ մարտերի մեկնարկի հենց հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացել էինք, որ նրանց մի մասը վերադարձել է: Հետագայում պարզվեց, որ անհետ կորածների թվում նաև մահացածներ կան: Այս պահին հայտարարվում է, որ 21 զինծառայողի ճակատագիր դեռևս անհայտ է մնում:

Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով օրերս է վերադարձել ԼՂ-ից, գերիների և անհետ կորածների հետ կապված նշեց, թե դեռևս հնարավոր չէ այս խնդրի հետ կապված հստակ պատկերացում կազմել: Նա նաև չբացառեց անհետ կորածներից ոմանց՝ ինչ-որ տեղ թաքնվելու հնարավորությունը:

«Եթե մենք դա իմանայինք, նրանք այլևս անհետ կորած չէին համարվի: Ողջ են, վիրավոր են, թաքնվում են ինչ- որ տեղ, «անեհետ կորած»-ը ներառում է այդ բոլոր տարբերակները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա վստահեցրեցն որ հասարակական կազմակերպությունները ևս, այդ թվում՝ իր ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, զբաղվում են անհետ կործաների խնդրով, մասնավորապես, համագործակցելով վերջիններիս ծնողների հետ:

Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցի գերիներ չունի: Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի՝ ունենալու դեպքում իրենք կդիմեին «Կարմիր Խաչ»-ի միջազգային կոմիտեին։ «Կարմիր Խաչ»-ի հայաստանյան գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ռազմագերիների վերաբերյալ փաստերի չեն տիրապետում: Պաշտոնական տեղեկություններով, ներկայումս երկու կողմերն էլ դիեր ունեն հակառակորդի տարածքներում: Լարիսա Ալավերդյանն այսօր վստահեցրեց, որ հայկական կողմում ադրբեջանցիների դիերը պահվում են պատշաճ պայմաներում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր առավոտյան «Ազատությանն» ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 15:00- 20:00-ն ընթացքում շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններում խստորեն ապահովել կրակի դադարեցման ռեժիմը և սկսել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները: Ըստ Հասրաթյանի, Գործընթացը համակարգում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնականները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG