Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Բաքուն ռուսական զենքը կիրառել է խաղաղ բնակիչների դեմ


Սերժ Սարգսյանը հանդիպում է Դմիտրի Մեդվեդևի հետ, Երևան, 7-ը ապրիլի, 2016թ․
Սերժ Սարգսյանը հանդիպում է Դմիտրի Մեդվեդևի հետ, Երևան, 7-ը ապրիլի, 2016թ․

Նախորդ հինգ տարիներին ռուսաստանյան սպառազինության արտահանման ողջ ծավալի 4.9 տոկոսը գնացել է Ադրբեջան:

Երեկ Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը, այլ հարցերի թվում, անդրադարձել է դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, ընդգծելով, որ այդ զենքի կիրառման հետևանքով, նաև երեխաներ են սպանվել:

«Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն, ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»,- Մեդվեդևի հետ հանդիպան ժամանակ, մասնավորապես, ասել է Սարգսյանը:

Ռուսաստանի վարչապետը, սակայն, ոչ միայն խուսափել է Բաքվին ռուսական զենքի վաճառքի թեմային անդրադառնալուց, այլև ձեռնպահ է մնացել Ադրբեջանի գործողությունները քննադատելուց: «Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով, նախորդ հինգ տարիներին՝ 2006-2010թթ․ համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ձեռք բերման ծավալները՝ դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը: Այդ սպառազինության մեծագույն մասը Բաքուն ձեռք է բերել Մոսկվայից: 2011-2015թթ․ ընթացքում՝ 2006-2010թթ․ համեմատ, Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է սպառազինության ներմուծումը Ռուսաստանից: Նախորդ հինգ տարիներին ռուսաստանյան սպառազինության արտահանման ողջ ծավալի 4.9 տոկոսը գնացել է Ադրբեջան: Ռուսական մամուլի գնահատմամբ, խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքների մասին է:

Անցած տարի Ռուսաստանը համաձայնեց Հայաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի չափով վարկ, որը պետք է ուղղվի ռուսական սպառազինության ձեռբերմանը: Սակայն, երեկ Մեդվեդևի հետ հանդիպմանը, Հայաստանի վարչապետը դժգոհեց՝ գործընթացը դանդաղել է:

«Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին պետական արտահանման վարկի տրամադրման համար, որն ուղղվելու է Հայաստանի կարիքների համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների մատակարարման ֆինանսավորմանը: Սակայն, համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացը որոշակիորեն դանդաղել է, ուստի՝ ցանկանում եմ խնդրել ձեզ՝ հրահանգել Рособоронэкспорт-ին՝ հնարավորինս արագացնել պայմանագրերի կնքումը»,- ըստ Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի, երեկ Մեդվեդևի հետ հանդիպմանն ասել է Հովիկ Աբրահամյանը:

Հայաստանի վարչապետը երեկ լրագրողներին նաև հայտնել էր՝ երեկոյան քննարկումներից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք մասնակցելու է ապրիլի 13-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հանդիպմանը, որը Երևանից տեղափոխվեց Մոսկվա Ղազախստանի նախաձեռնությամբ: Հովիկ Աբրահամյանի մասնակցության հարցը մինչ այս պահը հստակեցված չէ: Վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն այսօր երեկոյան «Ազատությանը» փոխանցեց՝ նախորդ տեղեկատվությանը, ըստ որի վարչապետը դեռևս իր մասնակցության վերաբերյալ որոշում չի կայացրել, ավելացնելու բան չունի:

Հայաստանի դաշնակիցների՝ ԵՏՄ վարչապետների հանդիպումը Երևանի փոխարեն Մոսկվայում կազմակերպելու որոշմանը Հայաստանի իշխանությունները խիստ բացասաբար արձագանքեցին: Այսօր նախագահ Սարգսյանն ու վարչապետ Աբրահամյանն այդ մասին բարձրաձայնեցին Երևան ժամանած՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումներում: Երեկ էլ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել էր ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ: «Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,- ասել էր Սարգսյանը:

«Ազատությունը» փորձեց պարզել նաև, թե նախորդ օրերի զարգացումների առնչությամբ ինչ են մտածում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները: «Հայ ազգային կոնգրես»-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նախ հիշեցրեց՝ ՀԱԿ-ը դատապարտել է զինադադարը խախատելու և բանակցային գործընթացը խաթարելու՝ Ադրբեջանի գործողությունները, ապա հավելեց՝ Հայաստանի ողջ քաղաքական ու քաղաքացիական դաշտը պետք է միավորվեն արտաքին ագրեսիայի դեմ: «Այժմ շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին, իհարկե ասելիքներ շատ կլինեն, բայց կարծում եմ՝ դեռ հարկ է սպասել մինչև լարվածությունը թուլանա, և մենք անպայման այս 1 շաբաթվա իրադարձությունների մասին դեռ կխոսենք»,-ասաց Մուսինյանը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատությանը» փոխանցեց՝ Ռոբերտ Քոչարյանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, տիրապետում է տեղեկատվությանը և կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG