Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 6-ը ապրիլի, 2016թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ասուլիսի ժամանակ, Բեռլին, 6-ը ապրիլի, 2016թ.

Նախագահը, սակայն, ընդգծել է, որ այդ գործընթացի վրա ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։

Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, այսօր հայտարարել է պաշտոնական այցով Բեռլինում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը՝ այլ ՀԱՊԿ անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց դուք շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պրոցեսի վրա», - ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանի զինատեսակները շատ ավելի ժամանակակից ու գործուն են, բայց ուժը, ըստ նախագահի, զինատեսակի ժամանակակից լինելու կամ տանկերի թվի մեջ չէ։ «Ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը։ Այո՛, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն և մենք ինչքան կորուստներ ունենք», - ասել է նախագահը։

Ամփոփելով Մերկելի հետ հանդիպման արդյունքները՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ քննարկումների մի մասը նվիրված էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը ուզում է այն, ինչի համար մշտապես պայքարել են գաղութացված ժողովուրդները։ «Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն», - ասել է Սարգսյանը:

Գերմանիայի կանցլերն իր հերթին անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին աննախադեպ բռնություններին՝ հայտարարել է, թե պետք է անել հնարավորը, որպեսզի ավելի շատ արյուն չթափվի և մարդիկ չկորցնեն իրենց կյանքը։

«Ամենից վեր մեկ խնդիր է՝ հարկ է ամեն ինչ անել արյունահեղությունը դադարեցնելու, մարդկային կորուստները կանխելու համար։ Չափազանց կարևոր է ջանքեր գործադրել ընդունելի և հարատև հրադադարի հասնելու համար, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են` քաղաքական գործընթացն առաջ չի գնա», - շեշտել է Գերմանիայի կանցլերը։

Գերմանական կառավարության ղեկավարն ընդգծել է, թե կարևոր է, որպեսզի հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա, այն կօգնի Հայաստանին զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ «Բայց մյուս կողմից Գերմանիան հասկանում է, որ հակամարտությունը շարունակվում է արդեն 21 տարի, և այն կարգավորելը դյուրին չէ», - նշել է Մերկելը։

Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահն այսօր հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս հանդիպմանը քննարկված առանցքային թեման ևս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վերջին իրադարձություններն էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG