Երևանում չեղարկվել է ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան հավաքին։ Եվրասիական հանձնաժողովը համաձայնեցնում է հավաքի նոր վայրը և օրը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է չեղարկվել Երևանում նախատեսված նիստը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության պետի տեղակալ Մարինա Շկուռլատովան պատասխանեց. - «Ինձ բարդ է սա մեկնաբանել, քանի որ սա ղազախական կողմի որոշումն էր»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նիստը կկայանա մյուս շաբաթ Մոսկվայում, սակայն այս մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Դեռևս չի հստակեցվում նաև նիստին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցության հարցը։
«Արմենպրես»-ի հարցին, թե արդյոք կա՞ որոշում Երևանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը պատասխանել է. - «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա: Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»:
Հարցին՝ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ՝ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը արձագանքել է, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռևս որոշում չի կայացրել:
Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Մեդվեդևի հայաստանյան այցը պետք է տևեր երկու օր, սակայն ապրիլի 8-ին Մեդվեդևը կայցելի Բաքու։
Եվրասիական միությանն անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և Ռուսաստանը, ընդ որում այդ երկրներից երեքը՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը համարվում են միության հիմնադիր անդամներ։
Միության անդամներից առնվազն երկուսի՝ Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանն ունի, մեղմ ասած, բարդ հարաբերություններ: Բելառուսը, մասնավորապես, ղարաբաղյան այս նոր պատերազմի օրերին Ադրբեջանին աջակցող ձևակերպումներով հայտարարություն էր տարածել։
Բարդ են նաև հարաբերությունները Ղազախստանի հետ. երբ որոշում էր կայացվում Հայաստանի անդամակցության մասին, Աստանայում նիստի ժամանակ հրապարակավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պայման էր դրել Սերժ Սարգսյանի առջև՝ մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանը պետք է անդամակցի միությանն առանց Լեռնային Ղարաբաղի։
Եվրասիական միությանն անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը ընդունել էր մեկ գիշերում՝ 2013 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ հայաստանցիներին որոշումը ներկայացվել էր որպես անվտանգության անհրաժեշտությամբ թելադրված։