Մատչելիության հղումներ

ՊԲ․ Ադրբեջանական կողմը կրակում է, թեև ոչ նախկին ինտենսիվությամբ


Լեռնային Ղարաբաղ – Բնակավայր Մարտակերտում, որը տուժել է վերջին օրերի հրետակոծություններից, 4-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղ – Բնակավայր Մարտակերտում, որը տուժել է վերջին օրերի հրետակոծություններից, 4-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ չնայած կրակի դադարեցման մասին «երկկողմանի պայմանավորվածությանը»՝ ադրբեջանական կողմը նորից կրակում է, թեև ոչ նախկին ինտենսիվությամբ:

Ղարաբաղի զինուժը հավատարիմ է կրակի դադարեցման պայմանավորվածությանը, հայտարարում է ԼՂ Պաշտպանության բանակը:

Պաշտոնական Երևանը նույնպես դեռ չի խոսում՝ պատրաստվում է հրադադարի մասին որևէ փաստաթուղթ, թե ոչ: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն հաստատում է, որ սահմանին համեմատաբար հանգիստ է:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հաստատել է նաև Բաքուն: Կողմերն առայժմ չեն մանրամասնում, թե ռազմական գործողությունների չորրորդ օրվա տվյալներով ինչ վերադասավորումներ են տեղի ունեցել շփման գծում:

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է՝ առայժմ միայն կարող է մասնակի հրադադարը հաստատել․ - «Կրակը փաստացի դադարեցվել է, հիմա հարաբերական անդորր է տիրում, տեսնենք՝ ինչքան է տևելու, ըստ այդմ էլ կտեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն: Ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը ընդհանրապես չի խախտվել»:

Երեկ Սերժ Սարգսյանը դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև ապրիլի 1-ը իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները:

Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը, «Եռաբլուր» պանթեոն, 5-ը ապրիլի, 2016թ․
Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը, «Եռաբլուր» պանթեոն, 5-ը ապրիլի, 2016թ․

Այսօր նախագահը մասնակցել է զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը՝ հայտարարելով, թե հայկական կողմը չունի պատրանքներ ու հզոր հովանավորներ, փոխարենը՝ ամեն ինչ հայրենիքը պաշտպանելու համար․- «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին»:

Կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը Վիեննայից հղած ուղերձում չի անդրադարձել Մինսկի խումբը՝ բարձրաձայնելով անհապաղ բանակցությունների անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG