Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդմամբ, ռազմաճակատի ողջ երկայնքով թեժ մարտերը շարունակվում են, ադրբեջանի բանակը շարունակում է ռմբահարել հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը՝ օգտագործելով նաև ծանր զինտեխնիկա՝ ТОС-1 տեսակի հրանետեր, «Գրադ» կայանքներ ու տանկեր:
Ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի, հայկական ուժերը ճնշել են հակառակորդի գործողությունները, պատճառել կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Միայն այսօր, ըստ հայկական պաշտոնական աղբյուրների, շարքից հանվել է ադրբեջանական հինգ տանկ, այդ թվում՝ վերջերս ձեռք բերված Т-90-ներ, ТОС-1 տեսակի հրանետ և հարվածային անօդաչու երեք սարք:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, թե հայկական ստորաբաժանումները ազատագրել են նոր դիրքեր՝ առանց մանրամասնելու, թե դրանք որտեղ են գտնվում:
«Այս պահի դրությամբ և՛ հյուսիսում, և՛ հարավում շարունակվում են ակտիվ մարտական գործողություններ: Հյուսիսային կողմում հակառակորդը օրվա ընթացքում կիրառել է նաև աննախադեպ զինատեսակ՝ ծանր հրանետեր՝ ТОС-եր, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներ, որոնցից մի քանիսը հաջողվել է խոցել: Համառ մարտեր են ընթանում, կիրառվում է ծանր հրետանի, տանկային ուժերի և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Այս պահի դրությամբ հայկական ու ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հստակ տեղեկություններ չեն հաղորդում, թե քանի զոհ ու վիրավոր ունեն: Երրորդ օրը շարունակվող մարտերից հետո՝ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց միայն զոհված յոթ զինծառայողների տվյալներ:
«Մի քանի հատվածում փորձ է կատարվել ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, կասեցվել է, հակառակորդը տվել է մոտավորապես 2 տասնյակ կենդանի ուժի կորուստ, 5 տանկ է խփվել», - «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այսօր խոցվել են նաև Ադրբեջանի կողմից վերջերս ձեռք բերված T-90-տեսակի տանկեր:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի խոսքով, նախահարձակ լինելով` Ադրբեջանը նպատակ է ունեցել «ընդամենը փոխել շփման գծի որոշ հատվածներ»:
«Երբ մենք գնահատում ենք այն ուժերը, ինչ որ նա օգտագործում է, այդ ուժերի քանակը, ակնհայտ է դառնում, որ նա չի դրել իր առջև խնդիր վերցնել Ղարաբաղը: Այդ ուժերով այդ մոտեցմամբ միայն հնարավոր է փոխել շփման գիծը ի օգուտ Ադրբեջանին», - ասաց պաշտպանության նախկին նախագահը` շարունակելով. - «Ակնհայտ հիմա զգացվում է, որ այն, ինչ նա պլանավորել է, չի ստացվել և ինքը չունի բավարար ուժեր, որպեսզի դա շարունակի: Հիմա նա պաշտպանվում է, փորձում է պահել դիրքերը, որոնք իրեն հաջողվել է մի մասը վերցնել, բայց դրանք այդպիսի մի ռազմավարական նշանակություն չունեն: Ես համոզված եմ՝ մի քանի օրից մենք կտեսնենք, թե վերջնական տարածքային ինչ արդյունքներ կունենանք»:
Ռազմական գործողությունների ֆոնին պաշտոնական Ստեփանակերտը ընդգծում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց․ - «Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»: