Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն, Կալիֆորնիա, Ջորջիա․ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած ԱՄՆ-ի այս վեց նահանգներին երեկ միացավ նաև Հավային:

Ղարաբաղից ավելի քան տասներեքուկես հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչում է«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին, ճանաչում է զոհողությունները, վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում»:

Շուրջ մեկուկես միլիոն բնակչություն ունեցող ամերիկյան նահանգի օրենսդիր մարմնի կողմից միաձայն ընդունված փաստաթղթում նաև ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար հիմք են ընդունել հարուստ պատմությունը, ժողովրդի հաստատակամությունն ու տոկունությունը: Փաստաթուղթն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը:

Փաստաթուղթը կարևորում է Արցախի ինքնորոշման համար մղված շարունակական պայքարը՝ որպես «բազմաթիվ ազգերի ոգեշնչման աղբյուր», որը դարձել է «նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը»:

Հավայիի օրենսդիր մարմինը նաև շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղը անցկացնում է ազատ ու անկախ ընտրություններ:

Բաքուն՝ դատապարտում, պաշտոնական Ստեփանակերտը` ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ի Հավայի նահանգի կողմից ընդունված բանաձևը` Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:

«Սա կարևոր քաղաքական, բարոյական, մարդասիրական և իրավական հաղթանակ է», - «Ազատության» հետ զրույցում նշում է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Պաշտոնական Բաքուն այս անգամ չի կրկնել նույն առիթով վեց անգամ հնչեցրած հայտարարությունը, թե` «դա սադրանք է»: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը, արձագանքելով բանաձևի ընդունմանը, միայն ասել է, որ Ամերիկան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է Միացյալ Նահանգներում ադրբեջանական դեսպանության ճնշման փորձերին զրուգահեռ:

Հանձնախումբը նկատել է տալիս, որ իրադարձությունը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի` Միացյալ Նահանգներ կատարելիք այցի նախօրեին:

«Հավայի նահանգի ժողովուրդը կանգնեց Արցախի ժողովրդի անկախության և ազատության կողքին` ամուր դիրքորոշում որդեգրելով ընդդեմ այն ուժեղ լոբբիստական աշխատանքի, որը նպատակ ուներ ոտնահարելու ժողովրդավարության և ինքնիշխանության ամերիկյան ու հայկական հիմնարար սկզբունքները», - ողջունելով բանաձևը` հայտարարում է Հայ դատի հանձնախումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG