Մատչելիության հղումներ

«Ի՞նչ Զատիկ, ի՞նչ բան, եթե մարդիկ տանը նստած՝ պուլյան տուն ա մտնում»․ Բերքաբերի գյուղապետ


Հայկական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ
Հայկական դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին, արխիվ

Սահմանամերձ բնակավայրերում Սուրբ Զատիկը տոնել չի հաջողվել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ողջ օրը հակառակորդը գնդակոծել է հայկական դիրքերը:

«Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի», - նշեց նա:

Ադրբեջանական զինուժի թիրախում են հայտնվել ինչպես Տավուշի մարզի դիրքերն ու բնակավայրերը, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը։

«Մենք հայտնել էինք, որ հակառակորդը նպատակադրված փորձում է արհամարհել ու ոտնահարել միջազգային կազմակերպությունների հորդորները և ամեն ինչ անել, որ արհամարհանք դրսևորի համաշխարհային քրիստոնեական հանրության հանդեպ այս տոների ժամանակահատվածում», - շեշտեց Հովհաննիսյանը:

Կրոնական տոներին հրադադարը խստորեն պահպանելու կոչեր հնչեցրել էին ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան և Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։

«Մենք մինչ այդ արդեն զգուշացրել էինք, որ հակառակորդի սադրանքներին տրվելու է համապատասխան զսպող հակահարված այնքան ժամանակ, մինչև սաստվեն», - նաև ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ողջ օրը լարված է անցել:

«Ի՞նչ Զատիկ, ի՞նչ բան․․․ մարդիկ տանը նստած, եթե պուլյան տուն ա մտնում․․․», - սրտնեղեց գյուղապետը:

Օրեր առաջ հակառակորդի գնդակոծությունից հայկական կողմում 2 քաղաքացի էր վիրավորվել՝ մեկը Ղարաբաղում, մյուսը՝ սահմանամերձ Տավուշում։

Բերքաբեր գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է, «Ազատությանը» փոխանցեց Էրեբունի բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ Ալիխանյանը բժշկական հսկողության կարիք ունի և դեռ կմնա հիվանդանոցում։ Տավուշցին կրծքավանդակի բաց, ոչ թափանցող վնասվածք էր ստացել, վնասվել էին թիակն ու կողերը։

Մինչ հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտման համար, Ադրբեջանն իր հերթին արդեն հայտարարել է, թե հայկական կողմը երեկ դիվերսիայի փորձ է արել Ղազախի հատվածում։

Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը նաև հաղորդում է, թե կորուստներ կրելով՝ հայկական կողմը հետ է քաշվել, բայց բախման հետևանքով երկու ադրբեջանցի զինվոր է զոհվել։ Այսօր հայտարարելով զոհերի մասին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել, իրենց ձևակերպմամբ՝ «հայկական կողմի սադրանքները»։

XS
SM
MD
LG