Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 1.5 ամսով


Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Գևորգ Սաֆարայանի կալանքի ժամկետը երկարացնելով 1.5 ամսով և մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակելու մասին:

«Մեր կարծիքով՝ գործի դատաքննություն տեղի չունեցավ, ամեն ինչ ձևական էր, արտաքին քննության պատրանք էր: Բոլոր փաստաթղթերը, որ փորձեցինք ներկայացնել՝ չընդունվեց դատավորի կողմից», - դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ շարունակելով, - «Հին տեսանյութում քննիչներից մեկը անհայտ ոտք է հայտնաբերել, ու կասկածելի է՝ այդ ոտքը հարվածել է Գևորգի՞ն, թե՞ ոստիկանին․․․ ու սրա համար 45 օր պետք է Գևորգը անազատության մեջ մնա»:

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այնուհետև դատարանը Սաֆարյանի կալանքը երկարաձգելու որոշում է կայացրել։ Սաֆարյանը ապրիլի մեկին արդեն պետք է ազատ արձակվեր, մինչդեռ այսօրվա որոշման արդյունքում նա ճաղերի ետևում կմնա մինչև մայիսի կեսերը։

«Այս որոշումը բողոքարկելու ենք, որովհետև Եվրոպական դատարան գնալու համար պետք է բոլոր որոշումները բողոքարկվեն: Ուղղակի այս որոշման առանձնահատկություններից այն է, որ քննիչը ընդհանրապես այդ մի հանգամանքն էր նշել: Վերջում էլ՝ այն, որ քննիչը պետք է նաև հիմնավորի, թե ինչի համար Գևորգը կխոչընդոտի նախաքննությանը՝ մի նախադասությամբ սա էլ չհիմնավորեց», - հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:

Մինչ կալանքի երկարաձգման հարցի քննարկումը՝ փաստաբանը և դահլիճում ներկա Գևորգ Սաֆարյանը դատավորին ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Տիգրան Հայրապետյանի խոսքով դատավոր Դավիթ Գրիգորյանը իրենց հանդեպ կանխակալ վերաբերմունք ունի, նախորդ անգամ կրկին նա էր երկարաձգել Սաֆարյանի կալանքը: Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, դատավորը նիստի ընթացքում անօրինական գործողություններ էր կատարել, որի պատճառով էլ դիմել էին Արդարադատության խորհուրդ։ Ինքնաբացարկի դիմումը այսօր դատավորը մերժել էր և շարունակել նիստը․ - «Մինչև այս պահը Արդարադատության խորհուրդն էլ լռում է, որևէ պատասխան չի տալիս, և հիմա գործը մակագրել են նույն այդ դատավորին, որը, բնականաբար, կանխակալ վերաբերմունք ունի թե՛ Գևորգի հանդեպ, թե՛ արդեն իմ նկատմամբ, որովհետև ես եմ բողոք ներկայացրել»:

Նիստում, ըստ փաստաբանի, ելույթ է ունեցել նաև Գևորգ Սաֆարյանը և հայտարարել, թե իրեն պատժում են քաղաքական գործունեության համար։

«Դատարանները իրավական գործընթացով չեն զբաղվում, նրանք քաղաքական պատվեր են կատարում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանից» Վարուժան Ավետիսյանը՝ մեկնաբանելով դատարանի կայացրած վճիռը: Ավետիսյանը հավելեց, որ իրենց բողոքի ցույցերը շարունակելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG