Մատչելիության հղումներ

Նովրուզի օրերին Հայաստանում ավելանում է իրանցի զբոսաշրջիկների թիվը


«Ազատության» հետ զրույցներում իրանցիներն ասում էին, որ Հայաստանը «գեղեցիկ ու հանգիստ երկիր է», և տոնի օրերին այստեղ համերգներով հանդես են գալիս իրենց սիրելի երգիչները:

«Ես արդեն երրորդ անգամ եմ գալիս Հայաստան: Էլի կգամ: Հայաստանից հետո Վրաստան ենք գնալու», - ասաց մի երիտասարդ իրանցի՝ հավելելով․ - «Երևանը շատ գեղեցիկ, մոդեռն քաղաք է: Ես նաև Կապանն եմ տեսել, Գորիսը, Ջերմուկը»:

«Տուրիստական ընկերությունը Դուբայ և Հայաստան էր առաջարկում: Մենք Հայաստանն ընտրեցինք․ մարդիկ այստեղ լավն են», - հավելեց նրա կինը:

Առաջին անգամ Հայաստան այցելողները հետևել են ընկերների խորհրդին, իսկ շատերի համար Երևանն արդեն սիրված հանգստավայր է դարձել: Նրանք անգամ իրենց անվանումներն են տվել Երևանի տեսարժան վայրերին: «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մանասյանի փոխանցմամբ, օրինակ, Կասկադը նրանք անվանում Հազար աստիճան, Հյուսիսային պողոտան՝ Ֆրանսիական փողոց:

Թեև իրացի զբոսաշրջիկների թիվը Նովրուզի օրերին ամեն տարի կտրուկ աճում է, երևանյան խանութները, սրճարաններն ու ռեստորանները հատուկ չեն պատրաստվում:

«Երկու օրվա համար մի քիչ շատ գործողություններ պետք է կատարվեն: Մենակ մենյուն չի, որ պետք է տպագրվի․․․ մենյուն պետք է համապատասխանեցնել: Մեկ վայրկյանի բան չի: Շատ պրոբլեմատիկ է նման հաճախորդներին ընդունելը, որովհետև նրանց գրեթե 90 տոկոսը բացարձակապես ո՛չ անգլերեն է խոսում, ո՛չ ռուսերեն: Մենք էլ պարսկերեն չգիտենք», - ասաց Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկի մենեջեր Երվանդ Փափազյանը:

Հանրապետության հրապարակում զբոսաշրջիկներին Գառնի, Գեղարդ, Սևան ուղևորություններ առաջարկող վարորդներից մեկը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին անգամ պարսկերեն է սովորել և զբոսաշրջիկներին առաջարկում է այցելել հիմնականում հայկական եկեղեցիները:

Նա նաև իր մտահոգությունը հայտնեց, որ այս տարվանից իրանցիները կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստան․ - «Որովհետև Թիֆլիս իրենց համար շատ էժան ա ամեն ինչը: Մեր մոտ թանկ ա»:

Զբոսավար Աիդան ասաց, որ Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների հոսքին «պատրաստվում է» նաև պետավտոտեսչությունը․ - «Շատ են նեղում: Տարբեր պատճառներով․․․ մութ գումարներ են վաստակում»:

Հայաստանում «Իրանական ավիաուղիներ»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, մոտ երեք անգամ ավելացել է իրանցի զբոսաշրջիկների հոսքը: Պատճառը, ըստ նրա, Թուրքիայում անվտանգությանն առնչվող խնդիրներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG