Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


«Ի՞նչ ենք անում այն փողերի հետ, որ գանձել ենք 2015 թվականին», - հարց է բարձրացնում Բագրատյանը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։

Ըստ օրինագծի, ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրենքի նախագծում երկու լուրջ դիտողություն կար. - «Առաջին դիտողությունը՝ արդյո՞ք այդ մեկ մեքենան մենք դիտարկում ենք որպես մաքսային քանակություն, եթե այդպես է, դա պետք է անպայման նշվեր, և երկրորդ՝ ի՞նչ ենք անում այն փողերի հետ, որ գանձել ենք 2015 թվականին։ Խնդրում եմ, ինֆորմացիա տվեք, թե այդ առաջարկությունների համար ի՞նչ եք արել»։

Բագրատյանի հարցին արձագանքեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ հանրապետական Վարդան Այվազյանը՝ նշելով, առաջին հարցը կարգավորվում է ոչ թե «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով, այլ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքով, և ա՛յդ օրենքում պետք է փոփոխություն անել։

«Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին և նախկինում գանձված գումարներին, դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, դա պետք է օրենքի մեջ այլ փոփոխություններ կատարվի, դա առանձին քննարկման հարց է։ Այս մասով հետագայում... մենք հիմա ֆիզիկական անձանց ավտոմեքենաների ներկրումը ԵՏՄ տարածքներից իրականացնում ենք առանց ավելացված արժեքի հարկի մասին օրենքով», - ասաց Այվազյանը։

Փետրվարի 8-ին Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև տեսակամրջի օգնությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան մեղադրեց Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու համար։ Նա ասաց, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ գանձելը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG