Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռանկարային է համարում Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ գործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի հետ Հայաստանի ջերմ, բարեկամական հարաբերությունները: Այդ մասին նա ասել է այսօր Աթենքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Ցիպրասը նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս-Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ:
Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին:
Հունաստանի վարչապետը իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:
Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և այլն, համագործակցության խորացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը և գործարար համայնքի ներկայացուցիչների միջև շփումները՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:
Սարգսյանը և Ցիպրասը մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հունաստանի վարչապետը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ընդգծել է, որ Հունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում:
Հայաստանի նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:
Հայաստանի և Հունաստանի հարաբերությունների օրակարգում «ամենաթույլ օղակը, ցավոք, առևտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաև օբյեկտիվ գործոններով», մասնավորապես, ասել է Հայաստանի նախագահը:
«Հունաստանի հետ համագործակցությունը կարևորվում է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին:
«Անշուշտ, հայ-հունական բարեկամության հարատևման գործում մեծ դեր է վերապահված հունահայ համայնքին: Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը և նոր հայրենիքում արարելու և ստեղծագործելու հնարավորության ընձեռումը», - հայտարարել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Բարձր եմ գնահատում նաև Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման և դատապարտման հարցում: Մեր ազգային ողբերգության 100-րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9-ին), որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը: Հայաստանի ԱԺ-ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը»:
Հայաստանի նախագահը այսօր նաև ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: