Մատչելիության հղումներ

Անտառաշենցիները գյուղի կառավարման ղեկը կանանց են հանձնել


Ավագանու նիստ Անտառաշենում
Ավագանու նիստ Անտառաշենում

Արտագնա աշխատանքի մեկնած անտառաշենցի տղամարդիկ գյուղի կառավարման ղեկը կանանց են հանձնել։ Արդեն երկու տարի է՝ ավագանու կազմում միայն կանայք են։ Քանի որ գյուղում նաև ռուսներ են բնակվում, կազմում նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կա՝ Լյուդան։ Գյուղապետ Ռաֆիկ Խառատյանը գործընկերներից գոհ է, ասում է՝ կանանց հետ աշխատելն անհամեմատ ավելի հեշտ է։

«Միլիոն անգամ հաճելի ա, որ կանանց հետ աշխատես, իրանք հասկանում են, նստում են, չոտկի՝ աշխատող կանայք են», - ասում է գյուղապետը:

Ավագանու անդամների համար, սակայն, տոնական օրը մյուսներից առանձնանում է միայն նրանով, որ այն ոչ աշխատանքային է։

Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խառատյան
Անտառաշենի գյուղապետ Ռաֆիկ Խառատյան

«Շատ կցանկանայի նվերներ անել, սակայն բյուջեում փող չկա», - ասում է Խառատյանը ու խոստանում տոնի առթիվ գործընկերների կենացը խմել։

Գյուղացիների խոսքով՝ խորհրդային տարիներին Անտառաշենը հարուստ գյուղ էր՝ այստեղ թանկարժեք մորթով կենդանիներ էին բուծում ու մորթին վաճառում։ Լոռու մարզում գտնվող գյուղում այսօր տղամարդիկ ստիպված են խոպանի ճամփան բռնել։ 260 բնակիչների մոտ կեսն արդեն Ռուսաստանում է։ Բարձրլեռնային գյուղում հողը բերրի չէ, ապրուստի հիմնական միջոցն անասնապահությունն է։

Դժգոհում են՝ «Կաթն էլ ջրի գին ա․․․ ջուրը ավելի թանկ ա, քան կաթը։ Սաղ տարին 100 դրամով են ընդունել: Պահի, կթի պատրաստի, տուր իրանց 100 դրամով․․․ այ էդ վիճակն ա»:

Ավագանու անդամներն ասում են՝ չնայած իրենց ջանքերին՝ գյուղի խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Մարզկենտրոնից 16.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անտառաշենում դպրոց ու մանկապարտեզ չկա, անգամ խանութ չունեն։ Քանդված ճանապարհներով ամեն օր ստիպված են կիլոմետրեր անցնել ու հարևան Լերմոնտովո գյուղ հասնել։

«Մի հատ խանութ չկա, որ բերես քո հյուրին ճանապարհես։ Հասարակ հացի խաթեր Լերմոնտով ենք հասնում, մի հատ սպիչկի համար հասնում ենք Լերմոնտով», - ասում են նրանք:

Ավագանու նիստերը գյուղապետարանի խարխուլ շենքում են անցկացվում, որն արդեն երկու տասնամյակ է՝ չի վերանորոգվել։ Շենքին փակցված նոր ցուցանակն է միայն հյուրերին հուշում, որ սա գյուղապետարանն է։ Գյուղում հյուրերի հաճախ չես տեսնի, իշխանության ներկայացուցիչներն էլ Անտառաշեն չեն այցելում։ Չնայած դրան՝ գյուղապետն ու ավագանու անդամներից մի քանիսը իշխող Հանրապետական կուսակցության անդամ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG