Մատչելիության հղումներ

Ընտրատեղամասում դիտորդների և ԶԼՄ-ների թիվը սահմանափակելու առաջարկը մտահոգությունների տեղիք է տվել


Արխիվ – Նախագահի ընդդիմադիր թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկելուց հետո ընտրատեղամասում պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 18-ը փետրվարի, 2013թ․
Արխիվ – Նախագահի ընդդիմադիր թեկնածու Հրանտ Բագրատյանը քվեարկելուց հետո ընտրատեղամասում պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 18-ը փետրվարի, 2013թ․

Լրագրողական կազմակերպություններն անթույլատրելի են համարում նոր Ընտրական օրենսգրքով առաջարկվող դրույթը

Լրագրողական կազմակերպություններն ու լրատվամիջոցների ղեկավարներն անթույլատրելի են համարում նոր Ընտրական օրենսգրքով առաջարկվող դրույթն, ըստ որի քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ և զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է՝ իշխանությունները հեռուն գնացող նպատակներով են ուզում այսպիսի սահմանափակում մտցնել՝ փակելու տեղամասի դռները անցանկալի դիտորդների ու լրագրողների առջև:

«Ոչ մի բարդություն չի ներկայացնում իրենց համար բազմաթիվ մարդկանց լրագրողական բեյջեր տալ կամ դիտորդների վկայականներ բաժանել և ապահովել պրոբլեմային ընտրատեղամասերում իրենց ցանկալի, իրենց կողմից կառավարելի դիտորդների և լրագրողների քանակը», - ասում է Օհանյանը:

Ըստ առաջարկվող նախագծի, եթե տեղամասում արդեն ութ դիտորդ ու լրագրող կա, ընդ որում կարող են հաշվել նաև լուսանկարիչներին ու օպերատորներին, ապա նոր եկածները պետք է հերթագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և մուտք գործեն տեղամաս, երբ տեղ ազատվի: Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը տարակուսած է․ - «Մինչև հիմա, որ այդ սահմանափակումը չկար, որևէ մեկի համար, չեմ կարծում, որ դժվարություններ են ստեղծել: Նման դրույթ նախատեսելը կասկած է առաջացնում, թե ինչու մեր իշխանությունը, որ ընդհանուր առմամբ խոսում է ընտրությունների քվեարկության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը ավելացնելու մասին, նախատեսել է այնպիսի մի դրույթ, որն, այնուամենայնիվ, խոսում է հակառակի մասին»:

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը վիճահարույց այս դրույթը ընթերցելուց հետո հիշել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթը՝ ազատ, արդար ու վստահելի ընտրությունների մասին․ - «Բացարձակ անհեթեթություն է, և զարմանալ կարելի է, թե հեղինակները ինչպե՞ս կարող էին նման բան թույլ տալ իրենց, ինչքան ուզում է պատվեր լիներ Բաղրամյան 26-ից․ մի կողմից՝ սահմանափակել լրատվամիջոցների և դիտորդների իրավունքները, մյուս կողմից՝ խտրականություն սահմանել նրանց միջև»:

Լրագրողները շեշտում են, որ այս սահմանափակումը մտցվում է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները վստահված անձանց բանակներ են հավաքում, էապես շատացել են լրագրողների տեխնիկական գործիքները, տեղամասից անընդհատ ուղիղ հեռարձակումներ կան:

«Հրապարակ»-ի խմբագրի համոզմամբ՝ իշխանությունները հետևություններ են արել հանրաքվեից․- «Իրենց համար բավականին անսպասելի էր, որ հասարակության մեջ հայտնվեցին այնպիսի մարդիկ, խմբեր, որոնք կարող են, ի վիճակի են և հետևում են ընտրությունների արդար, օրինական ընթացքին, և այդ մարդկանց գոյությունը շատ լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ այդ նույն միջազգային զեկույցների, աղմուկ բարձրացնելու, Սահմանադրական դատարան դիմելու, դատարաններ դիմելու, ընտրությունների օրինականությունը վիճարկելու առումով»:

Թե ինչու հենց 8 թիվն է ընտրվել որպես դիտորդների ու լրագրողների առավելագույն քանակ, իշխանական շրջանակները բացատրում են ողջամտությամբ: Դաշնակցական Արմեն Ռուստամյանը պնդում է, որ անգամ մի հոգով հնարավոր է վերահսկել քվեարկությունը, իսկ օրենքում հաշվի է առնված, թե մեկ քառակուսի մետրի վրա քանի մարդ է տեղավորվում․ - «Հնարավոր չէ 80 հոգու թողնել մի սենյակում, որտեղ նրանք չեն կարող տեղավորվել: Տեղամասը հո մարզադաշտ չէ՞»:

Աննա Իսրայելյանն ու Լևոն Բարսեղյանն, այդուհանդերձ, կասկածներ ունեն, որ աղմկահարույց այս դրույթն ի սկզբանե գրվել է վերանայման նպատակով, որպես խայծ․ կհրաժարվեն դրանից կամ 8-ը կդարձնեն 10՝ մատուցելով դա որպես զիջում:

«Այս Ընտրական օրենսգրքում իրենց համար պաշտպանելու և պահելու շատ ավելի լուրջ բաներ կան, քան այս թիվն է», - ասում է Իսրայելյանը:

«Կասեն՝ փոխզիջում ենք անում, հանում ենք այդ սահմանափակումները: Էս էլ մեր փոխզիջման սահմանն է», - հավելում է Բարսեղյանը:

Ամենաուշը հունիսի 1-ին նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունված լինի:

XS
SM
MD
LG