Մատչելիության հղումներ

Խոսրով Հարությունյան․ «Ականջներդ կկտրեմ, այ լակոտ» արտահայտությունը էթիկայի նորմերի խախտում չէ


Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ) գլխավորությամբ, այսօր որոշեց կարճել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի վարույթը:

Հանձնաժողովի անդամները գտան, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանի (ՀՀԿ) «այ լակոտ», «աչքերդ կհանեմ» արտահայտությունները էթիկայի նորմերի խախտում չեն:

«Շուշան Պետրոսյանի նպատակը չի եղել սպառնալ, առավել ևս՝ վիրավորել: Այլ նպատակը եղել է սաստել համացանցում նման մոտեցումների հետագա տարածումը: Իմ պատանի տարիքում քիչ չեն եղել [դեպքերը], որ մեծերն ասել են՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ: Դրանից չի հետևել, որ նրանք ակնհայտորեն գալու էին իմ ականջները կտրեն: Ուղղակի խրատում էին ինձ», - փաստարկեց Խոսրով Հարությունյանը՝ խորհուրդ տալով Գայանե Շահինյանին դիմել դատարան․ - «Էթիկայի հարցերի հանձնաժողովը չի կարող իր լիազորությունների շրջանակներում այս կամ այն դրվագը փաստել, որակել որպես վիրավորանք․․․ այդպիսի իրավասություն մենք չունենք: Դա դատարանի գործն է»:

ՀՀ վաստակավոր արտիստը, հիշեցնենք, այդպես էր պատասխանել բանակի ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին «Ֆեյսբուք»-ում գրառում կատարած Գայանե Շահինյանին՝ վերջինիս խորհուրդ տալով․ - «Չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր պաշտպանության նախարարի մասին»:

Խոսրով Հարությունյանի պատկերացմամբ՝ «այ լակոտ» արտահայտությունը վիրավորանք կլիներ, եթե «հանրության համար անհայտ որևէ մեկը վաստակաշատ, տարեց գիտնականի, ակադեմիկի ասեր լակոտ»․ - «Ես այդ ժամանակ կասեի՝ այո՛, նա ակնհայտորեն միտում է ունեցել վիրավորելու այդ մարդուն: Տվյալ դեպքում ես դա գնահատում եմ որպես սաստում»:

Հարությունյանի խոսքով, իրենք խորհրդակցել են նաև փաստաբանների հետ՝ հասկանալու, թե որ դեպքում «աչքերդ կհանեմ» կամ «լակոտ» արտահայտությունները կարող են դիտվել սպառնալիք․ - «Հիմնականում ասել են, որ հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը՝ մշակույթի գործիչ և այլն, նրա խոսքերը որևէ կերպ չի կարելի որակել որպես սպառնալիք»:

Հարությունյանը, սակայն հրաժարվեց հայտնել, թե փաստաբաններից հատկապես ում հետ են զրուցել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց հանձնաժողովի որոշմանը․ - «Եթե Էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ աչքերը հանելու և «լակոտ» արտահայտությունները էթիկայի խախտում չեն հանդիսանում, ապա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի արդեն Ազգային ժողովի այն պատգամավորին, որը թույլ կտա իրեն նման արտահայտություններով վիրավորի, ապա նմանատիպ արտահայտությունները նաև կարող է քաղաքացին թույլ տա Ազգային ժողովի՝ նման արտահայտություն թույլ տված պատգամավորի նկատմամբ»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, հանձնաժողովում որոշմանն ընդդիմացողներ չեն եղել:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի կարծիքով, Շուշան Պետրոսյանը «չէր գնալու Գայանե Շահինյանի աչքերը հաներ»․ - «Շուշան Պետրոսյանը, որը մայր է, հայտնի երգչուհի է, ամեն օր գնում է սահմանները, զինվորների ծնողներին տանում է իր հաշվին, ինքը ուղղակի այլ էմոցիոնալ դաշտի մեջ է գտնվում: Այս պարագայում պետք է գիտակցենք, որ Շուշան Պետրոսյանի ասած այդ բառակապակցությունները որևէ մի ձև, որևէ մի գնահատման մեջ սպառնալիքի տակ չի մտնում: Մենք ունենք պատգամավոր այստեղ, որ եթե նույնիսկ դրա կեսը ասեր, երևի արժեր ոստիկան կանչել, որ այդ մարդուն պաշտպանեն»:

Թե՛ Թևան Պողոսյանը, թե՛ Խոսրով Հարությունյանը պնդեցին, որ հանձնաժողովի նիստին փորձել են հրավիրել Գայանե Շահինյանին: Վերջինս, սակայն, ասել է, որ բողոք չունի:

XS
SM
MD
LG