Մատչելիության հղումներ

Սահմանապահ ջոկատի հրամանատար. «Այդ պահին Պերմյակովը ընդամենը փնտրվող դասալիք էր»


Սերգեյ Մերզլիկինն իր ցուցմունքներում պարզաբանում է, թե ինչու Պերմյակովին չհանձնեցին հայ իրավապահներին։

Երկու շաբաթվա ընդմիջումից հետո այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկինը հարցաքննության ժամանակ պատմեց, որ Վալերի Պերմյակովի փախուստից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը դիմել է Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատին, որպեսզի որոնողական աշխատանքների համար շուն տրամադրվի։ Ըստ հրամանատարի, շունը 18 հետք է հայտնաբերել, սակայն դադարեցրել են որոնողական աշխատանքները, երբ շունն այլևս հետք չի գտել։

Ըստ արդեն հարցաքննված սահմանապահների ցուցմունքների, հիշեցնենք, հենց Մերզլիկինի ցուցումով է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ոչ թե հանձնվել հայ իրավապահներին, այլ տեղափոխվել ռուսական 102-րդ ռազմաբազա։

Հրամանատարն այսօր ասաց, թե հայ-թուրքական սահմանի «Բայանդուր 2» ուղեկալի նախկին պետ Միխայիլ Խաչատրյանը տեղեկացրել է, որ սահմանախախտի են բռնել, ինքն էլ գնացել է Խաչատրյանի մոտ ու սահմանախախտի մոտ հայտնաբերված իրերը տեղավորել է տոպրակի մեջ, և նրան տեղափոխել են սահմանապահ ջոկատ։

Մերզլիկինի խոսքով, սահմանապահ ջոկատի սենյակում են գտնվել նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ու Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչներ, որպեսզի պարզեն սահմանախախտի ինքնությունը, քանի որ նրան հայտնաբերել են առանց փաստաթղթերի։

Վկան նաև նշեց, որ Պերմյակովին ճանաչելուց հետո, որպես դասալիք նրան տեղափոխել են ռուսական 102-րդ ռազմաբազա։ Հրամանատարն ասաց, որ Պերմյակովի հետ կարճ հարցուպատասխան է ունեցել.

Մերզլիկին. - Դո՞ւ ես սպանել։

Պերմյակով. - Ես ոչ մեկին չեմ սպանել։

Մերզլիկին - Զինվա՞ծ ես։

Պերմյակով. - Չէ, զենքը թաքցրել եմ, կարող եմ տեղը ցույց տալ։

Մերզլիկին. - Ի՞նչ ես կերել։

Պերմյակով. - Երկու շաուրմա, երեք «Պեպսի կոլա»։

Մերզլիկին. - Որտե՞ղ ես եղել թաքնված այսքան ժամանակ։

Պերմյակով . - Այստեղ [հայ-թուրքական սահմանին]։

Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ Պերմյակովը չփոխանցվեց հայ իրավապահներին, Մերզլիկինը պատասխանեց, որ իրենք որևէ հեռագիր կամ ցուցում այն մասին, որ Պերմյակովը կասկածվում է սպանության մեջ, չեն ստացել, սահմանապահ ջոկատի համար, ըստ հրամանատարի, այդ պահին Պերմյակովը եղել է ընդամենը 102-րդ ռազմաբազայում փնտրվող դասալիք։

Մեղադրողի մեկ այլ հարցին, թե ի՞նչ օրենքներով են առաջնորդվել սահմանախախտին հայտնաբերելիս, և արդյոք իրավունք ունեի՞ն որոնողական աշխատանքներ իրականացնել առանց Հայաստանի ոստիկանությանը տեղեկացնելու, վկան պատասխանեց, որ իրենք որոնել են 102-րդ ռազմաբազայի դասալիքի, իրենք այդ մասին են հաղորդում ունեցել, նշելով, որ ռուսական ռազմաբազա՛ն պետք է Հայաստանի ոստիկանությանը տեղյակ պահեր։

Գիշերը որոնողական աշխատանքների մեկնարկին արդյո՞ք ոստիկանությունը ևս տեղյակ է եղել փախուստի դիմած զինծառայողի մասին․ Մերզլիկինը այս հարցին արձագանքեց՝ ռազմաբազայի հրամանատարը և նրա տեղակալն իրեն ասել են, որ ոստիկանությունը տեղեկացված է։

Ռուս սահմանապահը մի քանի տասնյակ օրենքներ վկայակոչեց՝ նշելով, որ դրանցով են առաջնորդվում, երբ առաջադրանք են ստանում Հայաստանի տարածքում Հայաստանի իրավապահ մարմինների որոնողական աշխատանքներին աջակցելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG