Մատչելիության հղումներ

Սեֆիլյան․ «Գործը ամբողջությամբ քաղաքական պատվեր է»


Ոստիկանությունն այսօր «Նոր Հայաստան» շարժմանն արգելեց մոտենալ Վարդաշենի կալանավայրի տարածքին:

Ոստիկանությունն այսօր «Նոր Հայաստան» շարժմանն արգելեց մոտենալ Վարդաշենի կալանավայրի տարածքին: Պատ կազմած՝ իրավապահները փակեցին ընդդիմադիրների ճանապարհը:

Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի երեկվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջև մեկօրյա նստացույց անցկացնող ակտիվիստները երթով էին շարժվել դեպի Վարդաշեն՝ զորակցություն հայտնելու նաև այստեղ պահվող ընդդիմադիրներին՝ Շանթ Հարությունյանին ու ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին:

Պավլիկ Մանուկյանը, ով դեռ անցած տարվանից մեղադրյալի կարգավիճակում է զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով, երիտասարդների հետ գիշերել էր կալանավայրի առջև:

«Բանտի աշխատակազմը շատ ցավով է տանում: Կարծես իրենց սեփականաշնորհած տարածքն է, ասում է՝ էս տարածքից դուրս եկեք: Գևորգին փորձում են որպես պատանդ օգտագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ժիրայր Սեֆիլյանն այնուամենայնիվ կարծում է, որ երիտասարդ իր թիմակցին երկար չեն պահի ճաղերի հետևում․ - «Գևորգի հարցում կարծես մեկը մյուսի վրա գցելու, րոպե առաջ ձերբազատվելու ինչ-որ միտումներ ենք նկատում: Պատճառը պարզ է՝ գիտեն, որ գործը ամբողջությամբ քաղաքական պատվեր է, և չեն ուզում մտնել այդ պարտավորության տակ: Ես վստահ եմ, որ Human Rights Watch-ի նման հեղինակավոր կազմակերպության պահանջը կյանքի չկոչելը էժան չի նստելու: Սակայն Սերժ Սարգսյանին, անշուշտ, շատ ավելի հետաքրքրում է այսօրվա պահը, ոչ թե հեռանկարը՝ առհասարակ: Նա գործում է ոչ ռազմավարական ծրագրերով, նա ընդամենը կարճաժամկետ ու ամենօրյա խնդիրներ է փորձում լուծել իր իշխանությունը երկարաձգելու ուղղությամբ»:

Դատարանը վաղը քննելու է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ երկարացնել Գևորգ Սաֆարյանի կալանքը: Եթե իրավապահների այս պահանջը մերժվի, ընդդիմադիր ակտիվիստը մարտի 1-ին պետք է ազատ արձակվի: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց, որ որպես կանոն սահմանվում է երկամսյա կալանքը, մինչդեռ այս անգամ քննիչները ընդամենը մեկ ամսվա համար են միջնորդել․ - «Շատ շուտով քննչական մարմինն ուզում է գործը ուղարկի դատարան»:

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

XS
SM
MD
LG