Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակը չի մեկնաբանում ԱԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունը


Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում:
Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում:

Նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայաստանը պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին:

Բաղդասարյանը հիմնավորել է, թե Երևանն ու Մոսկվան ՀԱՊԿ գծով դաշնակիցներ են և ունեն համատեղ պաշտպանական պայմանագիր:

Միևնույն ժամանակ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը որևէ բառ չի ասել, թե դաշնակցային նման հարաբերությունների պարագայում ինչու Ռուսաստանը կամ ՀԱՊԿ այլ անդամները ռազմական աջակցություն չեն ցուցաբերում դաշնակից Հայաստանին, որը տարիներ ի վեր Ադրբեջանի հետ գտնվում է փաստացի պատերազմական վիճակում:

Մոսկովյան "Комсомольская правда" պարբերականում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում Բաղդասարյանը ասում է․ - «Բնականաբար, [մենք պետք է ցուցաբերենք] նաև ռազմական աջակցություն: Ոչ միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել, այլև պարտավոր ենք այդ անել: Ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ ենք: Առանձին պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որը երաշխավորում է մեր սահմանների անվտանգությունը»:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանել Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը՝ նշելով, որ արտգործնախարարությունում սովորություն չկա մեկնաբանել քաղաքական գործիչների հարցազրույցները:

«Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը ռուս-թուրքական սրված հարաբերությունների առնչությամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, Բալայանն ասաց․ - «Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակին հանգեցրած միջադեպին, այսինքն՝ Թուրքիայի կողմից հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսական մարտական ինքնաթիռի խոցմանը, ապա այդ կապակցությամբ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, և այն մնում է ուժի մեջ»:

Հայաստանը ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովին, դաշինքի անդամ այլ երկրների թվում, դատապարտել էր Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտպանում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, արտգործնախարարության խոսնակն արձագանքեց․ - «Հայաստանը գտնում է, որ ահաբեկչության դեմ հարկավոր է պայքարել միասնական և միահամուռ կերպով: Ողջունում է ահաբեկիչներին արմատախիլ անելու քայլերը»:

Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի խոսքով, ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայաստանի շահերից չի բխում ռազմական աջակցություն ցուցաբերել Մոսկվային, որովհետև ո՛չ ՀԱՊԿ պայմանագիրը, ո՛չ հայ-ռուսական պաշտպանական պայմանագիրը Հայաստանի դեպքում պարզապես չեն գործում․ - «Որևէ երկիր մեկ այլ երկրի անմնացորդ աջակցում է միայն այն դեպքում, երբ դա փոխադարձ է լինում: Իսկ մենք քանիցս համոզվեցինք․․․ ՀԱՊԿ-ի արդարացումները՝ դե, մենք ինչ անենք, որ Ղազախստանը, Բելառուսը և մյուսները չեն ցանկանում... կամ, ինչպես Բորդյուժան ասաց՝ մենք տեսնում ենք, որ հայ զինվորը լավ է կռվում, դրա համար չենք խառնվում»:

Սաֆարյանը հիշեցրեց՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին հարձակողական սպառազինություն մատակարարող գլխավոր երկիրն է․ - «Թերևս քաղաքական կոնյունկտուրայի արդյունք է, և քաղաքական ուժերը, ցավոք սրտի, առաջնորդվում են ոչ թե շատ հստակ և կայուն գաղափարներով և արժեքներով, այլ ուղղակի պահի թելադրանքով՝ տեսնելով, որ Կովկասում և Հայաստանում, մասնավորապես, թելադրողը Ռուսաստանն է, հետևաբար քաղաքական իշխանություն ունենալու համար պետք է հաճոյանալ հենց Ռուսաստանին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG