Մատչելիության հղումներ

Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը իր ազդեցությունը կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը:

«Այն իր ուղղակի ազդեցությունը կունենա ներդրումների վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը կառավարության որոշմամբ ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական խորհուրդը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Այս ամսվա սկզբին Քարեն Հիլիարդն ու Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի ամերիկյան կառավարությունը մոտ 750 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար:

«Այո, կարծում եմ՝ [կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հաջողությունը կամ ձախողումը] իր ազդեցությունը կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Այն իր ուղղակի ազդեցությունը կունենա ներդրումների վրա: Ներդրողները պետք է հավատան, վստահ լինեն, որ այստեղ բիզնեսի համար բարենապաստ պայմաններ կան և եթե նրանք այստեղ ներդրումներ անեն, չեն կրի կոռուպցիայի բեռը: Հայաստանի կառավարությունը մեզ բազմիցս հավաստիացրել է, որ շատ է շահագրգռված ԱՄՆ-ից կատարվող ներդրումներով: Հայաստանի կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, որպեսզի մեծացնի ամերիկյան ներդրումների ծավալը», - ասաց Հիլիարդը:

Չնայած կոռուպցիայի դեմ պայքարելու իշխանությունների շարունակական խոստումներին՝ Transparency International-ի վերջին զեկույցը փաստեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը անցած տարի նահանջ է արձանագրել:

Այդուհանդերձ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարը լավատես է․ - «Կարծում եմ, Հայաստանի կառավարությունը շատ է կարևորում մեր աջակցությունը և հայ-ամերիկյան հարաբերությունները: Քանի որ հրապարակավ հայտարարել են, որ պատրաստվում են պայքարել կոռուպցիայի դեմ, Հայաստանի կառավարության համար ձախողման գինը կարող է ավելի բարձր լինել, քան հայ-ամերիկյան հարաբերություններն են: Իրական գինը հայաստանյան հանրության հետ հարաբերությունն է»:

Հայաստանի իշխանությունները առաջին տարին չէ, որ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ավելի քան չորս տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հավաստիացումից, որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից: Սակայն լրատվամիջոցների էջերից չեն իջնում բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ազգականներին պատկանող բիզնեսների մասին հրապարակումները:

2014-ի ապրիլին օմբուդսմենը անգամ հատուկ զեկույց ներկայացրեց, ըստ որի, Հայաստանում հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով՝ ստանալով անօրինական առավելություններ:

Քարեն Հիլիարդի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գերակայությունը բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը չէ, այլ վարչական կոռուպցիայի դեմ պայքարը․ - «Հայաստանի նման երկրներում կա կոռուպցիայի երկու մակարդակ: Մեկը վարչական կոռուպցիան է՝ առօրյա ծառայություններ ստանալու համար կաշառք տալը, օրինակ, առողջապահության, կրթության ոլորտներում, պետական փաստաթղթեր ստանալիս կամ հարկերը վճարելիս: Սա կոռուպցիայի այն մակարդակն է, որի դեմ պայքարը հակակոռուպցիոն խորհրդի առաջանային գործն է: Մյուս խնդիրը գործարարության և քաղաքականության միջև մշուշոտ կապերն են: Այս խնդրի առնչությամբ մենք մի լավ խոսք ունենք՝ դժվար է կոտրել այդ ամուր ընկույզը: Հակակոռուպցիոն խորհրդի առաջնային նպատակը այդ խնդրի լուծումը չէ, ոչ էլ ես խորհուրդ եմ տվել այդ անել: Սակայն կարծում եմ, որ կարիք կա համակարգված աշխատել գործարարությունն ու քաղաքականությունը միմյանցից ավելի հեռացնելու ուղղությամբ: Դրա համար կարող է լավ սկիզբ լինել ընտրված կամ նշանակված բոլոր պաշտոնյաների հայտարարագրերի ճշգրիտ և ամբողջակական ներկայացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG