Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ ՀԱԿ-ի՝ ԸՕ-ի շուրջ միավորվելու առաջարկին


Խորհրդարանական ընդդիմությունը սկզբունքորեն դեմ չէ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջարկին՝ միավորվել Ընտրական օրենսգրքի շուրջ և իշխանություններին համատեղ պահանջներ ներկայացնել:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանն ասում է՝ կուսակցությունը ողջունում է արդար ընտրություններին ուղղված բոլոր նախաձեռնությունները.- «Ցանկացած գործընթացի, որը կբերի ընտրական ամբողջ համակարգի բարեփոխմանը և նրա նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ես միանշանակ կողմ եմ»։

Ընդ որում ԲՀԿ-ն դեմ չէ նաև ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակմանը, ինչը Կոնգրեսը համարում է սկզբունքային դրույթ։

«Եթե ենթադրյալ էլեկտրոնային քվեարկությունը լուծում է բոլոր հարցերը, ըստ էության, ցույց է տալիս, թե ովքեր են օնլայն, ուրեմն էդ ցուցակների հրապարակել-չհրապարակելը մի քիչ տեխնիկական է դառնում։ Եթե էլեկտրոնային քվեարկությունը էնպիսի մի դաշտ է տեղափոխում, որ չի տալիս էդ երաշխիքը, որ հստակ օնլայն կամ թափանցիկ երևա, էդ դեպքում ես կողմ եմ։ Իհարկե, էնտեղ քննարկումներ կան, որ մասնակցած մարդկանց անունների հրապարակման դեպքում կարող են ինչ-որ հասցեական ճնշումներ լինել, բայց, կարծում եմ, դրա բացասական պահը էդքան ընկալելի չէ։ Այսինքն ավելի լավ է մենք գնանք դրան, բայց համոզված լինենք, թե ովքեր են մասնակցել»,- ասաց Մելքումյանը։

«Ժառանգություն»-ում ևս միասնական ճակատով պայքարելու կողմնակից են։ Արմեն Մարտիրոսյանը լավատես է, որ ընդդիմադիրներով հայտարարի կգան.- «Նախկինում ոնց որ թե դժվարություն կար մարտի 1-ի հետ կապված, հիմա այդ հարցը լուծեցինք։ Ես հուսով եմ, որ մնացած հարցերը ևս կլուծվեն»։

ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն այսօր հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ. Արմեն Մարտիրոսյանը եվրոպացի դիտորդներին ներկայացրել է «Մեկ քաղաքացի, մեկ քվե» մեխանիզմը, որի առանցքում ևս ընտրողների ցուցակների գաղտնազերծումն է։

«Հենց միայն ցուցակների հրապարակումը քիչ է։ Երկրորդ հերթին դա էլեկտրոնային իդենտիֆիկացիան է մատնահետքով և տեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, որը օնլայն ռեժիմով պետք է քվեարկության և հաշվարկի ընթացքը ցույց տա։ Բնականաբար, առանց քաղաքական կամքի հնարավոր չէ։ Այսօրվա ԸՕ-ում էլ գրված չէ, որ պետք է հանձնաժողովի անդամ ծեծեք...»,- ասաց նա։

Այդուհանդերձ, իշխանությունները հակված չեն բացել ստորագրած մատյանները, Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից Հրայր Թովմասյանը կարծում է՝ այդ խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով.- «Ընտրողների իդենտիֆիկացիան, այնուամենայնիվ, պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով, որը կբացառի կրկնակի քվեարկությունները, այլ անձանց փոխարեն քվեարկությունը»։

ԲՀԿ-ից բացի՝ ընդդիմադիր մյուս ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, այս տարբերակի մասին լսել չեն ուզում:

«Ցուցակների կարգավիճակը հավասարեցված է ռազմական գաղտնիքի կարգավիճակին»,- նկատեց Դավիթ Հովհաննիսյանը։

Նոր օրենսգրքի շուրջ այսօր քննարկում էր հրավիրել Ժողովրդավարության ազգային պլատֆորմը, որ «Չե՛ք անցկացնի» անվանումով պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ: Լևոն Զուրաբյանը գործընկերներին բացատրում էր՝ ինչու պիտի միասնաբար ճնշեն իշխանություններին։

«Դիմադրելու ենք կատաղի կերպով, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ Հայաստանում նրանք որևէ աջակցություն չունեն, և հանրաքվեն ցույց տվեց դա։ Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանում կայանան ազատ և արդար ընտրություններ, նրանք կորցնելու են իշխանությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբը ընտրական մեծ փորձ ունի։ «Չեմ կարողանում հիշել որևէ բան, որը ընդունած լինի իշխանությունը։ Ես առաջարկել էի քվեատուփը պողպատե մետաղալարով կապել կնիքին։ Դավիթ Հարությունյանը ծիծաղում էր։ Ասում եմ՝ բա ուրիշ ի՞նչ մեթոդ կառաջարկեք, որ էդ կնիքը քվեատուփի վրայից չհեռանա»,- պատմեց ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։

Հնչեցին տարբեր առաջարկներ՝ զինծառայողների ազատ քվեարկությունն ապահովելուց մինչև ցուցակների մաքրում. ավելի հեռուն գնալով՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նաև արդեն արձանագրված կեղծիքների մասով է օրենսդրական փոփոխություն առաջադրում։

«Մենք տեսնում ենք, որ այսպես կոչված պատիժներ նշանակվում են, ոմանք վարկ են վերցնում այդ պատիժները փակելու համար, բայց այդ 1-2-3 քրեական գործը պիտի ազդեն տվյալ տեղամասի արդյունքների վրա»,- ասաց կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը։

Ի մի բերելով առաջարկները՝ պահանջների մի քանի կետանոց փաթեթը կներկայացվի խորհրադարանում՝ նոր օրենսգրքի քննարկմանը:

XS
SM
MD
LG